ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կախակն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2024 թվականի դեկտեմբերից մեկնարկել են 144 տեղանոց կրթահամալիրի նոր շենքի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Կախակնի կրթահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 170 միլիոն դրամ, որն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։
Կրթահամալիրն իր կազմում ունենալու է միջնակարգ դպրոց, նախակրթարան և մանկապարտեզ։ Այն սպասարկելու է Վարդենիս համայնքի Կախակն, Տրետուք և Կուտական գյուղերի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներին։ Կրթահամալիրն ունենալու է արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմանները։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Եվրոպա» ՍՊԸ-ն։ Այժմ ընթանում են հիմքերի և նկուղային հարկի կառուցման աշխատանքները։
Շինարարությունը նախատեսված է ավարտել 2026 թվականի դեկտեմբերին։