Քաղաքականություն

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության

2 րոպեի ընթերցում

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու տարածաշրջանային երկրների միջև քաղաքական, անվտանգության և տնտեսական հարաբերությունները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA-ն՝ մանրամասներ ներկայացնելով Արմեն Գրիգորյանի և Ալի Աքբար Ահմադիանի հանդիպումից: 

Իրանական լրատվականի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում երկու պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային խնդիրներ և ընդգծել Կովկասում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։ 

«Ահմադիանն ուրվագծել է Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ընդգծելով Թեհրանի՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության սկզբունքային դեմ լինելը»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել երկրների միջև քաղաքական, անվտանգության և տնտեսական հարաբերությունների առաջընթացի կապակցությամբ։ 

«Արմեն Գրիգորյանն իր հերթին կարևորել է Հայաստանի շահագրգռվածությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքում իր դերի ընդլայնման և Իրանի Չաբահար նավահանգստի ռազմավարական հնարավորություններն օգտագործելու հարցում»,-նշում է իրանական լրատվամիջոցը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում