ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջող և արդյունավետ գործունեություն:
Դեսպան Հակոբյանն, իր հերթին, վերահաստատել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը:
«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա օրակարգին և կարևորել փոխադարձ հարգանքի ու վստահության վրա խարսխված համագործակցության առավել զարգացումն ու խորացումը»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարությունը: