Տնտեսություն

Balchug Capital-ը ձեռք է բերել Ռուսաստանում շինարարական նրբատախտակի (ֆաներ) խոշորագույն արտադրողներից մեկին

2 րոպեի ընթերցում

Balchug Capital-ը ձեռք է բերել Ռուսաստանում շինարարական նրբատախտակի (ֆաներ) խոշորագույն արտադրողներից մեկին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Balchug Capital-ը ձեռք է բերել Ռուսաստանում փայտամշակման արդյունաբերության առաջատար ընկերություններից մեկը՝ «Сыктывкарский фанерный завод» ՍՊԸ-ն։

Գործարքի արժեքը չի բացահայտվում։

Ֆինանսավորման աղբյուրը հանդիսացել է հայկական բանկերի սինդիկատը։

Գործարքը հավանության է արժանացել Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա ներդրումների իրականացման վերահսկողության կառավարական հանձնաժողովի կողմից։

Balchug Capital-ը համակարգված կերպով իրականացնում է տնտեսության իրական հատվածում բարձրորակ և իրացվելի ակտիվներում ներդրումներ կատարելու նախկինում հայտարարված իր ռազմավարությունը։

«Сыктывкарский фанерный завод» ՍՊԸ-ն նոր ուղղություն է, որը նախատեսվում է զարգացնել՝ արդիականացնելով արտադրամասը, ընդլայնելով արտադրանքի տեսականին՝ ներքին շուկայի և արտահանման համար։

Կշարունակվեն նաև ընկերության սեփական ապրանքանիշերի՝ լայնաֆորմատ շինարարական նրբատախտակի (ֆաներ) «SyPly» և լամինացված տախտակների «Lamarty», զարգացման ուղղությամբ աշխատանքները։

Balchug Capital-ի մասին

Balchug Capital-ը հիմնադրվել է 2010 թվականին Դավիթ Ամարյանի կողմից։ Ընկերության կառավարման տակ գտնվում է մոտ 2 միլիարդ դոլարի ակտիվ:

«Сыктывкарский фанерный завод» ՍՊԸ-ն Ռուսաստանում փայտի վրա հիմնված պանելային նյութերի խոշորագույն արտադրողներից է: Ընկերությունը մասնագիտացած է լայնաֆորմատ շինարարական նրբատախտակի (ֆաներ) և լամինացված տախտակի արտադրության մեջ: Ընկերության շինարարական նրբատախտակի արտադրության արտադրական հզորությունը տարեկան կազմում է ավելի քան 230 հազար մ³, իսկ լամինացված տախտակի արտադրությանը՝ տարեկան ավելի քան 300 հազար մ³: Եզրերի տարեկան վաճառքը կազմում է մոտ 6 միլիոն գծային մետր: Ընկերության անձնակազմը կազմում է 1400 մարդ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում