Ռուսաստան

Պուտինը ԵԱՏՄ-ն անվանել է բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն կենտրոններից մեկը

2 րոպեի ընթերցում

Պուտինը ԵԱՏՄ-ն անվանել է բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն կենտրոններից մեկը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հաստատվել է որպես ձևավորվող  բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի բացմանը։ 

«Մեր միավորումը հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը և շարունակում է դինամիկորեն զարգանալ», - Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

ՌԴ ղեկավարը նիստի մասնակիցներին առաջարկել է քննարկել ընթացիկ հարցերը և նշել ապագայի ծրագրերը։ Նրա խոսքով՝ նիստի շրջանակներում կքննարկվեն խորհրդի հաստատման համար նախապատրաստված մի շարք նոր կարևոր որոշումներ, որոնք ուղղված են «ամենատարբեր ոլորտներում» համագործակցության հետագա խորացմանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստին է միացել հեռավար կերպով և ամփոփել Հայաստանի նախագահության շրջանը ԵԱՏՄ կառույցներում։

2025 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ-ում նախագահությունը Երևանից անցնում է Մինսկին։ Ակնկալվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կնշի 2025 թվականի համար նախագահության առաջնահերթությունները։

ԵԱՏՄ կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը։ Նրանք միաժամանակ  Անկախ Պետությունների Համագործակցության մասնակիցներ են։ Հանդիպմանը հրավիրված են ոչ միայն միավորման անմիջական մասնակիցները, այլև դիտորդներ Ուզբեկստանը ու Կուբան:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում