Մերձավոր Արևելք

Իսրայելի իշխանությունները հաստատել են իրենց մասնակցությունը Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ոչնչացմանը

2 րոպեի ընթերցում

Իսրայելի իշխանությունները հաստատել են իրենց մասնակցությունը Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ոչնչացմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դեկտեմբերի 23-ին հաստատել է, որ Իրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի վերացման հետևում կանգնած են իսրայելցի զինվորականները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:

«Մենք հարված կհասցնենք հութիների ռազմավարական օբյեկտներին և կգլխատենք նրանց առաջնորդներին: Ինչպես մենք վարվեցինք Հանիյեի, Սինվարի և Նասրալահի հետ Թեհրանում, Գազայում և Լիբանանում, նույնը կանենք հութիների առաջնորդների հետ Հոդեյդայում և Սանայում», - Կացի խոսքերն է մեջբերում հրատարակությունը:

«Այժմ, երբ հութիների ահաբեկչական կազմակերպությունը հրթիռներով գնդակոծում է Իսրայելը, ես ցանկանում եմ նրանց հստակ ուղերձ փոխանցել. մենք հաղթեցինք ՀԱՄԱՍ-ին և «Հեզբոլլահ»-ին, մենք կաթվածահար արեցինք Իրանի պաշտպանական համակարգերը և վնաս հասցրեցինք նրա հրթիռների արտադրության համակարգերին: Մենք տապալեցինք Ասադի ռեժիմը Սիրիայում, ծանր հարվածներ հասցրեցինք «չարի առանցքին» և մենք լուրջ հարված կհասցնենք Եմենում հութիների ահաբեկչական կազմակերպությանը», - ընդգծել է նա։

Հանիյեն սպանվել է Թեհրանում հուլիսի վերջին։ Իրանը սպանության մեջ մեղադրել է Իսրայելին։ Իսրայելական կողմն ավելի վաղ ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր իր մասնակցությունը գրոհին:

Իսրայելցի զինվորականները հետագայում Գազայի հատվածում վերացրեցին Հանիյեին փոխարինող Յահյա Սինվարին:

Սեպտեմբերի վերջին Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարված հասցրեցին Բեյրութի հարավային արվարձաններին, որտեղ գտնվում է «Հեզբոլլահ»-ի կենտրոնակայանը։ Այս հարվածի հետևանքով սպանվեց շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում