Հայաստան

Հայաստանում նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ պահպանելով աշխատավարձի չափը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։

Օրական աշխատանքային ժամերի քանակը նախատեսվում է կրճատել 8 ժամից մինչև 7 ժամ, շաբաթական աշխատանքային ժամերի քանակը՝ 40 ժամից մինչև 35 ժամ, փոփոխությունները չեն հանգեցնի աշխատավարձերի կրճատման, և նվազագույն աշխատավարձը կվերանայվի՝ համահունչ նոր աշխատաժամանակին։ 

Այս փոփոխությունները նպատակ ունեն բարելավել աշխատանքի և անձնական կյանքի բալանսը՝ ստեղծելով հնարավորություններ աշխատողների համար ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, հանգստին և ինքնազարգացմանը, նվազեցնել սթրեսը և առողջապահական խնդիրները՝ հատկապես սրտանոթային հիվանդությունները և հոգեկան լարվածությունը, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և արտադրողականությունը, ինչպես ցույց են տալիս միջազգային փորձն ու ուսումնասիրությունները, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։ 

Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ծախսերի և եկամուտների որոշակի աճ՝ կապված հնարավոր նոր հաստիքների ստեղծման հետ։ Սակայն ընդհանուր առմամբ, պետական բյուջեի վրա անմիջական բացասական ազդեցություն չի կանխատեսվում։

Նախագծերի ընդունման դեպքում դրանք կսկսեն գործել պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց։

Նախագծի հեղինակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում