Մերձավոր Արևելք

Ռուսաստանը և ԱՄԷ-ն հանդես են եկել Սիրիայի հարցով անհապաղ միջազգային հանդիպում կազմակերպելու օգտին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և ԱՄԷ-ն հանդես են եկել Սիրիայի հարցով անհապաղ միջազգային հանդիպում կազմակերպելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄԷ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ-Նահյանը հեռախոսազրույցի ընթացքում կողմ են արտահայտվել անհապաղ միջազգային հանդիպման անցկացմանը` Սիրիայում բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ երկխոսություն սկսելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Վերջին օրերին Ռուսաստանի և արաբական երկրների միջև տարբեր մակարդակներում տեղի ունեցած շփումների ընթացքում Ռուսաստանի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հանդես են եկել միջազգային հանդիպման հնարավորինս արագ անցկացման օգտին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության բոլոր քաղաքական և էթնո-դավանական ուժերի մասնակցությամբ, որպեսզի տրվի ազգային երկխոսության շուտափույթ մեկնարկը»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ 

Նախարարները նշել են, որ նման երկխոսությունը պետք է սկսվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևում ամրագրված սկզբունքներին խստորեն համապատասխան։

Գերատեսչությունը նշել է, որ ռուսական կողմը նաև համապատասխան աշխատանք է տանում Սաուդյան Արաբիայի, Կատարի և արաբական այլ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում