Մերձավոր Արևելք

Եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են սիրիացի փախստականներին ապաստանի տրամադրումը

4 րոպեի ընթերցում

Եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են սիրիացի փախստականներին ապաստանի տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մի շարք եվրոպական երկրներ հայտարարել են, որ կդադարեցնեն ապաստան հայցող սիրիացի փախստականների դիմումների քննարկումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով եվրապական տարբեր լրատվամիջոցների հրապարակումները։

Ըստ The Telegraph-ի աղբյուրների՝ սիրիացի փախստականների դիմումների քննարկումը կասեցնելու որոշում են կայացրել Մեծ Բրիտանիայի իշխանությունները։

«Ներքին գործերի նախարարությունը կասեցրել է սիրիացի փախստականների հարցումների վերաբերյալ որոշումների ընդունումը, քանի դեռ չենք գնահատել իրավիճակը Սիրիայում», - ասել է հրատարակության աղբյուրը։

Ըստ The Telegraph-ի՝ ավելի քան 6500 սիրիացի փախստական ներկայում սպասում է ապաստանի հայցերի վերաբերյալ որոշմանը:

Փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ֆրանսիական գրասենյակն (OFPRA) իր հերթին ասել է, որ «ուշադիր հետևում է Սիրիայում իրավիճակին» և չի բացառում Սիրիայից ժամանած մարդկանց ապաստանի դիմումների վերաբերյալ որոշումների դադարեցումը։

Գերմանիան իր հերթին կասեցրել է սիրիացի փախստականների ապաստանի դիմումների վերաբերյալ որոշումներն այն բանից հետո, երբ Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադը լքել է երկիրը, հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի ներկայացուցչին։

«Ավելի քան 47 000 դիմումի քննարկումը կասեցվել է», - հայտնում է գործակալությունը։

«Շատ փախստականներ, որոնք պաշտպանություն են գտել Գերմանիայում, վերականգնել են իրենց հայրենի Սիրիա վերադառնալու հույսը…. Հաշվի առնելով Սիրիայում տիրող բարդ իրավիճակը` ճիշտ է, որ Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակը կասեցրել է ապաստանի հարցումների վերաբերյալ որոշումները», - գրել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը X սոցիալական ցանցում։

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը X սոցիալական ցանցում հայտնել է, որ «Սիրիայի քաղաքացիների համար ապաստանի տրամադրման բոլոր գործընթացները կդադարեցվեն»:

«Սիրիայում բռնապետության անկումից հետո անվտանգության իրավիճակը պետք է վերագնահատվի։ Ես հենց դա եմ հանձնարարել անել ներքին գործերի նախարարին», - նշել է Նեհամերը:

Այս որոշումը կազդի Սիրիայից առնվազն 7300 ապաստան հայցողների վրա, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ավստրիայի ՆԳՆ հայտարարությունը։

Շվեյցարիայի միգրացիայի հարցերով պետական ​​քարտուղարությունը (SEM) նույնպես հայտարարել է, որ դադարեցնում է «ապաստան տրամադրելու ընթացակարգերը և այդ հարցով որոշումների կայացումը սիրիացի դիմողների համար մինչև Սիրիայում իրավիճակի ուսումնասիրությունը»:

Ֆրանսիական Le Monde թերթը հայտնում է, որ փախստականների հարցերով Դանիայի բողոքարկման խորհուրդը կասեցրել է սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու 69 դիմում՝ Սիրիայում «շատ անկայուն իրավիճակի» պատճառով։

Սիրիացի փախստականների ապաստանի դիմումների մշակումը դադարեցրել են նաև Նորվեգիան, Շվեդիան և Նիդեռլանդները։ 

Դեկտեմբերի 8-ին զինված ընդդիմությունը գրավել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը։ Նախագահ Բաշար ալ-Ասադը հեռացել է երկրից և, ըստ հրապարակումների, ապաստան ստացել Ռուսաստանում։ 

Սիրիայի ընդդիմությունն անցումային կառավարություն է ձևավորում՝ Մուհամեդ ալ-Բաշիրի գլխավորությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում