Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն արդարացրել է օրերս Իսրայելի կողմից Գոլանի բարձունքներում սիրիական տարածքի գրավումը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն արդարացրել է օրերս Իսրայելի կողմից Գոլանի բարձունքներում սիրիական տարածքի գրավումը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարությունն արդարացված է համարում Իսրայելի կողմից Գոլանի բարձունքներում սիրիական տարածքի գրավումը, որն, ըստ ՄԱԿ-ի, Իսրայելի և Սիրիայի միջև տարանջատման մասին համաձայնագրի խախտում է հանդիսանում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ այդ քայլով Իսրայելը լրացնում էր վակուումը, որից կարող էին օգտվել ահաբեկչական խմբավորումները։ 

«Սիրիական բանակը լքել էր իր դիրքերը իսրայելասիրիական համաձայնեցված բուֆերային գոտու շրջակայքում՝ հնարավոր վակուում ստեղծելով, որը կարող էին լրացնել ահաբեկչական կազմակերպությունները, որոնք սպառնալիք կդառնային Իսրայել պետության և Իսրայելի ներսում գտնվող խաղաղ բնակիչների համար», - ասել է պաշտոնյան ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ յուրաքանչյուր երկիր ունի ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողություններ ձեռնարկելու իրավունք։

Բացի այդ, Միլլերի խոսքով, Իսրայելը հայտարարել է, որ սահմանները պաշտպանելու համար ձեռնարկված այդ գործողությունները ժամանակավոր բնույթ են կրում։

Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է կայունություն տեսնել Իսրայելի և Սիրիայի հարաբերություններում և աջակցում է 1974 թ. տարանջատման մասին համաձայնագրի պահպանմանը։

The Guardian-ը նշում է, որ օրերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զորքերին հրամայել էր մտնել բուֆերային գոտի, որտեղ պարեկություն է անում ՄԱԿ-ը։ Սիրիայում իշխանափոխության մասին լուրերի ֆոնին իսրայելական զորքերն ավիահարվածներ էին հասցրել, իրենց պնդմամբ, սիրիական վարչակարգի զենքի պահեստներին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Գոլանի բարձունքներում բուֆերային գոտու մասին Իսրայելի և Սիրիայի միջև գործող համաձայնագիրը ներկայում դե ֆակտո գոյություն չունի, և վստահեցրել էր, որ Իսրայելը կպաշտպանի իր սահմանները։

ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ Իսրայելն այս քայլով խախտում է 1974 թ. Սիրիայի և Իսրայելի միջև կնքված տարանջատման մասին համաձայնագիրը։

Իր հերթին, դեկտեմբերի 9-ին Նեթանյահուն հայտարարել է, որ Գոլանի բարձունքները, որոնք Իսրայելի կողմից օկուպացված են շուրջ 60 տարի, «հավերժ կմնան Իսրայելի մասը», քանի որ Իսրայելի կողմից ավելի բարձր դիրքերի հանդեպ վերահսկողությունն «ապահովում է անվտանգությունն ու ինքնիշխանությունը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում