Կրթություն

Պատմության դասագրքերը գաղափարական փոփոխության չեն ենթարկվելու. Ժաննա Անդրեասյան

3 րոպեի ընթերցում

Պատմության դասագրքերը գաղափարական փոփոխության չեն ենթարկվելու. Ժաննա Անդրեասյան

ԾԱՂԿԱՁՈՐ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության դասագրքերը գաղափարական փոփոխության չեն ենթարկվելու: Պատմությունն ու բովանդակությունը մնում են նույնը, վերանայվում է մոտեցումը:

Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով պատմության դասագրքի շուրջ քննարկումների վերաբերյալ «Արմենպրես»-ի  հարցին։ 

Նախարարը հիշեցրեց՝ որոշում է կայացվել, որ առարկան կկրի «Հայաստանի պատմություն» անվանումը։ 

Նա ընդգծեց՝ իրենց պատկերացրած որակի ու ստանդարտի դասագրքեր ունենալու համար անհրաժեշտ է ժամանակ:

«Բայց ինչ վերաբերվում է գաղափարական խնդիրներին, ապա պետք է վստահ լինենք, որ դրանք փոփոխությունների չեն ենթարկվելու։ Այստեղ մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք նշել ենք՝ պետությունն ու պետականությունն այն առանցքն են, որոնց շուրջ պետք է հավաքվի մեր պատմությունը: Սա նշանակում է, որ մեր ամբողջ պատմությունն ու բովանդակությունը մնում  են նույնը, վերանայվում է մեր մոտեցումը՝ կախված նրանից, թե, օրինակ, պատմանական որևէ իրադարձություն ինչպե՞ս  է  ազդել պետության զարգացման կամ չզարգացման վրա: Այսինքն, մենք պետք է վերանայենք մեր մոտեցումն այդ իրադարձություններին։ Սա մեր քաղաքականությունն է, որի ուղղությամբ առաջ ենք գնալու»,-ասաց Անդրեասյանը:

Նախարարը նաև շեշտեց՝ Հայաստանում դասագրքերի ստեղծման նորմալ պրակտիկա տարիներ շարունակ չի եղել:  Մինչ այս փոփոխությունները՝ վերջին 15 տարիներին, այս ոլորտով խորքային չեն զբաղվել, ինչը,  ըստ նախարարի, նշանակում է, որ այս փոփոխությունների արդյունքում անհնար է ստանալ իդեալական որակ միանգամից բոլոր ուղղություններում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն էլ, անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքին նշեց, որ, հաշվի առնելով մասնագիտական հանրույթի առաջարկները,  հեղինակն այդ առաջարկերը վերցրել է և դասագրքի էլեկտրոնային տարբերակում իրականացրել  է համապատասխան խմբագրումներ, փոփոխություններ և վրիպակների շտկումներ:

«Դասագրքի էլեկտրոնային տարբերակը հասանել է և փոխանցվել է դպրոցներին: Դասագրքի վերահրատարակության ժամանակ բոլոր փոփոխությունները, որոնք էլեկտրոնային տարբերակում արվել են, կարտացոլվեն նաև տպագրված տարբերակում»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով՝ դասագիրքը տպագրվել  է 2023 թվականին և կօգտագործվի դեռևս երկու ուսումնական տարի:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում