Քաղաքականություն

Հովիկ Աղազարյանը չի հերքել պետական կոնֆինդենցիալ տեղեկատվության արտահոսքի կազմակերպումը․ Կոնջորյան

3 րոպեի ընթերցում

Հովիկ Աղազարյանը չի հերքել պետական կոնֆինդենցիալ տեղեկատվության արտահոսքի կազմակերպումը․ Կոնջորյան

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մանրամասներ ներկայացրեց Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու պատճառների մասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Քոնջորյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 4-ին նախապես հրավիրել էին ՔՊ խմբակցության արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված էր Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ օրը կուսակցության վարչությունը Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու որոշում էր կայացրել։

«Առավոտյան նրան ծանուցել եմ նիստի մասին, ինքը տեղյակ էր և նիստերի դահլիճում հայտարարեց իր հեռանալու մասին»,- ասաց Կոնջորյանը։

Խոսելով Աղազարյանի հեռացման պատճառների մասին՝ Կոնջորյանը տեղեկացրեց, որ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում։

«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման,  արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։ Ես հիմա օրինակներ չեմ բերի, բայց դրանց առնվազն մի մասը մամուլում կա»,- ընդգծեց Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ պատգամավորները ունեն գաղտնիության համապատասխան թույլտվություն, որպեսզի լսեն և տիրապետեն այդ տեղեկատվությանը, բայց այդ տեղեկությունը հրապարակել չի կարելի։

«Խոսքը հարցազրույցի մասին չի, այլ փակ քննարկման ժամանակ հնչած տեղեկատվության, որն այդ թվում վերաբերվում է պետական, ազգային անվտանգության հարցերի։ Այդպիսի տեղեկությունների արտահոսք է կազմակերպվել։  Վարչության նիստի ժամանակ Աղազարյանը չի հերքել դա»,- ասաց Կոնջորյանը։

Կոնջորյանը նշեց, որ Աղազարյանի գործողությունները կարող են վերլուծվել իրավապահների կողմից։

«Ես տեսնում եմ, որ այս ամենը կարող է ուսումնասիրության առարկա դառնալ, այդ թվում՝ իրավապահների կողմից։ Կան գործեր, որոնց շրջանակներում նրա անունը շոշափվել է, և դրանց ուսումնասիրության ընթացքում նոր տեղեկություններ են ի հայտ եկել»,- հավելեց Կոնջորյանը։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառներից մեկն էլ նրա կողմից հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներն են։ 

Հայկ Կոնջորյանը նշեց, որ այդ հարցն էլ ուսումնասիրման ենթակա է, սակայն դրա մասին չի կարող խոսել գաղտնիության նկատառումներով։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում