Պետությունն իրեն պետք է սահմանափակի միջազգային հարաբերությունների հռչակված ու ընդունված կանոններով. Փաշինյան
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է դիրքավորվի որպես մի պետություն, որն ինքն իրեն հռչակում ու սահմանափակում է միջազգային հանրահռչակված, ընդունված կանոններով գործելուն համապատասխան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:
«Ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար մեզ պետք է որդեգրել բոլորովին ուրիշ տրամաբանություն՝ պարզապես պետության տրամաբանությունը, որը գործում է բացառապես սեփական շահերին համապատասխան: Այսինքն՝ պետությունն ունի կոնկրետ տարածք, պատասխանատվության կոնկրետ գոտի, միջազգայնորեն ճանաչված կոնկրետ տարածք և գործում է միայն ու միայն այդ սեփական պատասխանատվության տարածքի շահերին համապատասխան»,-ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ այդ շահը տնտեսական զարգացումն է: Հետևաբար, նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան: Փաշինյանը շեշտեց, որ դա ունի տասնյակ շերտեր՝ ներքաղաքակական, արտաքին քաղաքական, աշխարհքաղաքական, սոցիալ-տնտեսական և այլն:
«Երկրորդը՝ պետք է պետությունն ինքն իրեն սահմանափակի միջազգային հարաբերությունների հռչակված և ընդունված կանոններով ու օրենքներով: Ես սա ասում եմ հատկապես հիմա, երբ թվում է, թե միջազգային հաստատված օրենքներն ու կանոնները ամեն տեղ ոտնահարում են՝ ով որտեղ և ինչպես ուզի: Մենք շատ ենք խոսում այն մասին, որ մեր խնդիրներին պետք է ասիմետրիկ ռեակցիա տանք: Իմ կարծիքով՝ հենց սա է ասիմետրիկ ռեակցիան: Երբ բոլորը բոլոր հնարավոր տեղերում խախտում են միջազգային հարաբերությունների ընդունված կանոնները, մենք պետք է դիրքավորվենք որպես մի պետություն, որն ինքն իրեն հռչակում ու սահմանափակում է միջազգային հանրահռչակված, ընդունված կանոններով գործելուն համապատասխան»,-ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ հենց այս պայմանների առկայությամբ է, որ ուժեղ ու մարտունակ բանակը կարող է լինել արդյունավետ: «Սա նշանակում է ստեղծել անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ: Բանակից առաջ կան բուֆերներ, օրինակ՝ տնտեսական փոխկախվածությունները, որից առաջ կա ուրիշ բուֆեր՝ միջազգային կանոնները»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց՝ միջազգային կանոնների ոտնահարումներից այսօր բողոքում են բոլորն ու ամենուր: Սակայն, ըստ վարչապետի, եթե բոլորը բողոքում են դրա ոտնահարումներից, նշանակում է՝ այդ կանոնները պահպանելը դրական գործելակերպ է: Եվ այդ դրական գործելակերպը ձևավորում է ևս մի բուֆեր բանակից առաջ:
«Եվ այս պայմաններում է, որ ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել լեգիտիմ, արդարացված: Եվ ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է ապահովել անվտանգություն՝ անվտանգութան շղթայի մեջ որպես մի և հերթական օղակ»,-շեշտեց Փաշինյանը: