Տնտեսություն

Լեհաստանի նախագահը Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահը Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպական քաղաքականությանը նպաստում է հայ-լեհական հարաբերությունների խորացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահի նստավայրում ընթացող համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ նշելով, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Լեհաստանի համար։

Նա կարևորեց ֆինանսական ոլորտում համագործակցությունը՝ հիշեցնելով Դավոսում երկու տարի առաջ ստորագրված նախագիծը, որը ներառում է հայկական ֆինանսական բորսայի և լեհական ֆինանսական բորսայի համագործակցությունը։ 

«Այս նախագիծը մեծ զարգացում է ապրել և գոհացնում է բոլորիս»,-ասաց Անջեյ Դուդան։

Նա նշեց, որ Լեհաստանը շահագրգռված է Հայաստանի հետ ընդլայնել տնտեսական հարաբերությունները և ներդնել նորարարական լուծումներ, որոնք երկուստեք կօգնեն երկու երկրի տնտեսությունների զարգացմանը։ Նախագահ Դուդան առանձնացրեց համագործակցության հնարավորությունները նոր տեխնոլոգիաների, կլիմայական պաշտպանության և կանաչ էներգետիկայի ոլորտներում։ 

«Լեհաստանը պատրաստ է Հայաստանի հետ խորացնել համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որտեղ առկա է զարգացման մեծ ներուժ։ Հանդիպման ընթացքում զրուցեցինք նաև կլիմայական պաշտպանության, կանաչ էներգետիկայի վերաբերյալ, քննարկեցինք կարևորագույն տնտեսական ոլորտները, որտեղ տեսնում ենք զարգացման ներուժ և երկուստեք համագործակցություն»,-ասաց Անջեյ Դուդան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում