Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն աշխատանքային այցով Բրազիլիայում է

3 րոպեի ընթերցում

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն աշխատանքային այցով Բրազիլիայում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, փոխնախագահ Վրեժ Շառոյանը (Սիրիա),  գործկոմի անդամներ Ավո Թոքատլյանը (Արգենտինա) և Ավետիս Մարկոսյանը (Բրազիլիա)նոյեմբերի 21-23-ը աշխատանքային այցով գտնվել են Բրազիլիայում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեից հայտնում են, որ պատվիրակությունն այնտեղ հանդիպել է Բրազիլիայի Հանրապետությունում ՀՀ պատվավոր կոնսուլ Հիլդա-Տիրուհի  Բուրմայանի հետ: Հանդիպմանը ներկա էին հայ համայնքի բոլոր  կառույցների ներկայացուցիչները, Բրազիլիայի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդ-սրբազան Նարեկ Բերբերյանը և այլք: 

Իշխան Զաքարյանը ներկայացրել է Համահայկական խաղերի տարեգրությունը, ինչպես նաև Համահայկական խաղերի Վիլիջի գաղափարը: Շահագրգիռ  քննարկում  է ծավալվել: 

Ներկաները ծափողջյուններով և միահամուռ ողջունել են մարզական ավանի գաղափարը`  խոստանալով անվերապահ աջակցություն: 

Այնուհետև, պատվիրակությունն այցելել է Հայ բարեգործական ընդհանուր միության կենտրոնական գրասենյակ, որից հետո ներկաները հավաքվել են Ս.Ա.Մ.Ա. մարզական ակումբում (նախագահ Մաուրիցիո Բեհիսմելյան), որտեղ և կայացել է հանդիպում Հ.Մ.Ը.Մ. և  Հ.Բ.Ը.Մ. ներկայացուցիչների հետ: 

Իշխան Զաքարյանը բարձր է գնահատել սփուռքահայ միությունների միասնական և ակտիվ աշխատանքը Համահայկական խաղերի կազմակերպման գործում:

Բրազիլիա այցի վերջին օրն Իշխան Զաքարյանը հանդիպել է «Ա.Կ. Ռեալթի» ընկերության նախագահ Անդրե Քիսաջիկյանի հետ: Քննարկել են Համահայկական Վիլիջի կառուցման հետ կապված հարցեր: Կառուցման ժամանակացույցի հետ կապված՝ Անդրե Քիսաջիկյանը  մի շարք  օգտակար խորհուրդներ է տվել,  հավաստիացրել, որ ոչ միայն ինքը,այլ նաև իր ընկերները կօգնեն սփյուռքահայ երիտասարդության համար այդ հրաշալի գաղափարի իրագործման հարցում: Իշխան Զաքարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել բրազիլիահայ համայնքին ջերմ ընդունելության համար.

«Սփյուռքի յուրաքանչյուր գաղթօջախի պահպանումը և բարգավաճումը միանշանակ  Հայաստանի հզորացումն է»,-ասել է ՀԽՀԿ նախագահը:

Հարավային Ամերիկա աշխատանքային այցի շրջանակներում, վերոհիշյալ հարցերի շուրջ, Իշխան Զաքարյանն ու պատվիրակության անդամները բավականին արդյունավետ  քննարկումներ են ունեցել Ուրուգվայի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանի, Արգենտինայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանի, Բրազիլիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի հետ: 

ՀԽՀԿ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպաններին` Համահայկական խաղերի տեղական կառույցների կողքին լինելու, գործնական աջակցության համար:

Նոյեմբերի 24-ին Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ, ուր նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում