Ռումինիայի նախագահական ընտրություններում անակնկալ արդյունքներ է գրանցել ծայրահեղ աջ թեկնածուն
2 րոպեի ընթերցում
![Ռումինիայի նախագահական ընտրություններում անակնկալ արդյունքներ է գրանցել ծայրահեղ աջ թեկնածուն](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/25/Tb38nHQRncc9zzQSILhE2aqZl912negxSt8bRD6y.webp)
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռումինիայում նոյեմբերի 24-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջ Կալին Ջորջեսկուն և վարչապետ Մարչել Չոլակուն գրեթե հավասար ձայներ են հավաքել։ Ամենայն հավանականությամբ, հենց այս երկու թեկնածուները կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում, որը պետք է անցկացվի դեկտեմբերի 8-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ Կենտրոնական ընտրական բյուրոյի՝ ձայների 96%-ի հաշվարկի արդյունքներով Ջորջեսկուն ստանում է ձայների 22%-ը, իսկ Չոլակուն՝ 20%-ը։
Պարբերականը նշում է, որ Ջորջեսկուի ցուցաբերած արդյունքները բավական մեծ անակնկալի են բերել բոլորին. նա որևէ կուսակցության չի պատկանում և իր ընտրարշավը հիմնականում անցկացրել է TikTok սոցիալական հարթակում։
Վարչապետ Մարչել Չոլակուն Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից է և հայտարարել է, որ երկիրը կշարունակի իր արևմտամետ ուղին։ Մինչդեռ Կալին Ջորջեսկուն հայտարարել է, որ վերջ կդնի, իր բնութագրմամբ, Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ստորադասվելուն, հատկապես՝ Ուկրաինային աջակցության հարցում։
Նոյեմբերի 24-ին էքզիթ փոլերը ցույց էին տալիս, որ առաջատարը Մարչել Չոլակուն է, իսկ նրան հաջորդում է աջ կենտրոնամետ թեկնածու Էլենա Լասկոնին։ Սակայն ըստ վերջին տվյալների՝ Լասկոնին գրավում է երրորդ հորիզոնականը՝ ձայների 18%-ով, իսկ մյուս թեկնածու Ջորջ Սիմիոնը՝ չորրորդ հորիզոնականը։
Ռումինիայում նախագահը հիմնականում խորհրդանշական դեր ունի, բայց զգալի ազդեցություն ունի արտաքին քաղաքականության հարցում և վերահսկում է երկրի պաշտպանական ծախսերը։