Իրավունք

Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

2 րոպեի ընթերցում

Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատարանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին դատախազությունից՝ նշելով, որ հանրային մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկում, սակայն դատարանը սահմանել է 18 տարվա պատիժ։

Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի  որոշման դեմ։

Սարգիս Գալստյանը մեղադրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրտեսության համար։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նա 2018-2023 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ապա՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները։

2020 թվականի նոյեմբերին նա կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի հետ և համաձայնել է լրտեսություն կատարել՝ ստանալով «Սարխան» ծածկանունը։

2020-2023 թվականների ընթացքում Գալստյանը հավաքել և փոխանցել է տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի բնակչության, նրանց տրամադրությունների, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների դիրքորոշումների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության վերաբերյալ։

Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո նա կնոջ հետ մնացել է Ստեփանակերտում և շարունակել է իր հանցավոր գործունեությունը՝ փոխանցելով հայ ազգաբնակչության վերաբերյալ այլ տեղեկություններ օտարերկրյա հետախուզության ծառայություններին։

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ, սակայն նրա եղբորորդին հերքել էր այդ տեղեկությունը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում