Հայաստան

Երևանի քաղաքապետը հետևեց մայրաքաղաքի ամենահին «Կարմիր կամուրջ» հուշարձանի վերականգման շինաշխատանքներին

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը հետևեց մայրաքաղաքի ամենահին «Կարմիր կամուրջ» հուշարձանի վերականգման շինաշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շարունակվում են Երևանի «Կարմիր կամուրջ» հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 21-ին Երևանի ամենահին կամրջի վերականգման աշխատանքներին ու դրանց ընթացքին ծանոթանալու նպատակով շինհարթակ այցելեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Կարելի է ասել, ամբողջությամբ վերականգնվում է կամուրջը, որի էական մասը քանդված է եղել: Այս ծրագիրն իրականացվում է մասնավոր-համայնք համագործակցության շրջանակներում և տարածքում, կամրջի ճարտարապետությանը համահունչ, կառուցվում է նաև հյուրանոցային համալիր: Ընդհանուր առմամբ այս տարածքն ամբողջությամբ  բարեկարգման ծրագրի ներքո է: Կարծում եմ, արդեն շատ շուտով այս հատվածներում զբոսնելն ուղղակի հաճելի է լինելու: Իրականացվող շինարարության ծավալները տեսնելով, կարող եմ վստահ ասել, որ հաջորդ տարի արդեն այն  ավարտված կլինի »,-շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետը:

Ավինյանի խոսքով՝ տարածքում կան նաև համայնքային հատվածներ, որոնք ևս կբարեկարգվեն և ամռանը նախագիծն ամբողջությամբ իրականացված կլինի:

Անդրադառնալով  ավտոմեքենաների երթևեկության համար նախատեսված լինելու հարցին, քաղաքապետը նշեց, որ վերականգման նախագծով կամուրջը կստանա իր նախնական տեսքը՝ լինելով միայն հետիոտնային:

«Քանի որ կամրջի վերականգնումը նախատեսված է այն ձևով և տեսքով, ինչպիսին ամենասկզբում նախագծված է եղել, հետևապես որևէ տեսակի ավտոմեքենաների մուտք կամրջի վրա չի նախատեսվում: Դրա համար հատուկ ամրացումներ նույնպես արված չեն: Ինքն ունիկալ ճարտարապետական նախագիծ ունեցող կամուրջ է, և նաև ԿԳՄՍ նախարարության մեր գործընկերներն առաջարկել են պահպանել նախագիծն իր նախնական տեսքով, հետևապես, կամուրջը լինելու է միայն հետիոտնային»,-եզրափակեց Երևանի քաղաքապետը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում