Մշակույթ

Ֆիլմ՝ Ամանորի հրաշքի մասին. «Նոր տարվա կինո»-ն արդեն մեծ էկրանին է

4 րոպեի ընթերցում

Ֆիլմ՝ Ամանորի հրաշքի մասին. «Նոր տարվա կինո»-ն արդեն մեծ էկրանին է

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո»-ի գլխավոր հերոսուհին՝ Եվան, երազում է նկարահանվել ֆիլմում: Նա չի ընկճվում անհաջողություններից, չի հանձնվում և, հավատալով հեքիաթին, տոնածառի առեղծվածային խաղալիքները գտնելու օգնությամբ փորձում է իրականացնել իր ամենանվիրական երազանքը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի պրեմիերային, որը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում, ստեղծագործական կազմը շեշտեց, որ կինոնկարը երազանքներին հավատալու, դրանցից չհրաժարվելու մասին է։

Ընտանիքի բոլոր անդամների համար նախատեսված կինոնկարի շնորհիվ հանդիսատեսը ոչ միայն ծանոթանում է համակրելի, հոգատար, ընկճված, չար, միաժամանակ բարի և այլ հերոսների հետ, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է իրականացնել իր երազանքը, այլև նրանց հետ ճամփորդում է Հայաստանի տարբեր քաղաքներում, ծանոթանում տեղի ավանդույթներին, սովորույթներին ու առանձնահատկություններին։ 

«Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը հոգու խորքում հավատում է հրաշքին, իսկ հրաշքի համար ամենալավ ժամանակը Նոր տարին է։ Պետք է չդադարել երազել ու հավատալ հրաշքին»,-նշեց Ելենա Արշակյանը։

Նա շատ է ցանկանում, որ երեխաները դիտեն կինոնկարը, նորովի բացահայտեն  իրենց երկիրը։

Արշակյանի խոսքով՝ Նոր տարվան վերաբերող ֆիլմերի բաց կա դաշտում։ Դա ևս նպաստել է թեմայի ընտրությանը։ Հույս ունի՝ իրենցից հետո նման ֆիլմերը կավելանան։

Ռեժիսորը խոստովանեց՝ ֆիլմի կայացմամբ իրականացավ նաև իր և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի երազանքը։

«Աշխարհում հեքիաթները բոլորիս համար են, և մեծերն ավելի շատ բան են սովորում հեքիաթներից։ Մեր ֆիլմի միակ ուղերձը սեփական երազանքը կարևորելն է»,-շեշտեց Անահիտ Մխիթարյանը։

Ֆիլմում Եվային մարմնավորում է Վիկտորյա Շամիրյանը, կինոնկարում նկարահանվել են Լիանա Վանոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Լիա Զախարյանը, Նվեր Սուքիասյանը, Գրետա Մեջլումյանը, Անահիտ Քոչարյանը, Զառա Սահակյանը, Արթուր Կարապետյանը, Արսեն Լևոնյանը, Ռաֆայել Հարությունյանը և այլք։

«Ֆիլմում նկարահանվելու առաջարկն առանց մտածելու ընդունեցի, քանի որ Ելենա Արշակյանի կինոնկարներն իմաստ ունեն։ Դիտելով ֆիլմը՝ հասկացա, որ եթե հավատաս ու պայքարես երազանքի համար, ստացվելու է ամեն բան, իսկ պարզապես նստել և երազելու պարագայում ոչինչ չի ստացվի»,-հավաստիացրեց դերասանուհին։

Վիկտորյան մանկուց է երազել դերասանուհի դառնալ, երբ վեց տարի առաջ Ելենա Արշակյանից սերիալում նկարահանվելու առաջարկ է ստացել, հավատացել է իր երազանքին։ 

«Նոր տարվա կինո»-ի նկարահանումների աշխարհագրությունն ընդարձակ է։ Նկարահանումներ են իրականացվել Լոռիում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում։ Նկարահանող խումբն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղին՝ չմոռանալով  նշել հայրենիքի կարևորությունը յուրաքանչյուրի կյանքում: Դերասանների միջոցով ներկայացվում են բարբառներն ու հումորը։ Ֆիլմում զբաղված դերասանները ներկայացնում են հենց իրենց մարզը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում