Քաղաքականություն

Պաշտոնանկությունները պետք է դիտարկել համակարգային ու կադրային փոփոխությունների տեսանկյունից. Հայկ Կոնջորյան

3 րոպեի ընթերցում

Պաշտոնանկությունները պետք է դիտարկել համակարգային ու կադրային փոփոխությունների տեսանկյունից. Հայկ Կոնջորյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ Հայաստանում մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում, պատասխանելով հարցին, թե արդյոք այս փոփոխությունները կապված են համատարած դժգոհությունների հետ, ինչպես հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե դրանք նախընտրական քայլեր են, ինչպես պնդում է ընդդիմությունը, Կոնջորյանը պատասխանեց, որ այս հարցին պետք է նայել համակարգային փոփոխությունների, այլ ոչ թե ներքաղաքական կամ իմիջային գործընթացների համատեքստում։ 

«Վարչապետն այսօր ևս գրառում է արել այդ մասով։ Վստահ եմ, որ նոյեմբերի 15-ի կառավարության նիստին հետևել եք։ Վարչապետը դատաիրավական համակարգի, հանցավորության վիճակի և ընդհանրապես Հայաստանում իրավակարգի վերաբերյալ հայտնել է իր դիտարկումներն ու դժգոհությունները։ Նա հայտարարել է, որ որոշումներ է կայացնելու և այդ որոշումները կայացրել է։ Այնպես որ, որևէ բան անակնկալ չէ, և որևէ բան նոր չէ»,- ասաց Կոնջորյանը։ 

Կոնջորյանը շեշտեց, որ բազմիցս վարչապետն ու կառավարող ուժը բարձրաձայնել են դատաիրավական համակարգի վերաբերյալ հարցերը։ «Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ, և չափազանց կարևոր է, որ այս պահանջը էմոցիոնալից վերածվի ինստիտուցիոնալ իրողության։ Այս մասով կան իրականացված գործեր, բայց նաև՝ բացթողումներ և չարված գործեր։ Այս փոփոխությունները պետք է դիտարկել համակարգային ու կադրային փոփոխությունների տեսանկյունից»,- ընդգծեց նա։

Կոնջորյանը նաև հերքեց այն պնդումները, թե պաշտոնանկություններն ունեն նախընտրական ենթատեքստ։

«Սա գործընթացի տրամաբանական շարունակությունն է և որևէ կապ չունի ներքաղաքական կամ նախընտրական գործընթացների հետ։ Նման բան չկա»,- եզրափակեց նա։ 

Մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխությունների մասին։  Նոյեմբերի 18-ին հրաժարականի մասին հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից և Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ազատման դիմումներ են գրել կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս հայտարարել է պաշտոնից իր հրաժարականի մասին: 

Շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի Կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ Արդեն նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում