Աղազարյանը հերքում է մանդատը վայր դնելու տեղեկությունը. «Արմենպրես»-ը ստուգում է հրաժարականների մասին լուրերը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։
Հովիկ Աղազարյանն այդ մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում։
«Մանդատը վայր դնելու մասին տեղեկությունները ճիշտ չեն»,- ասաց Աղազարյանը։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ պատգամավորական մանդատը վայր կդնի նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։ «Արմենպրես»-ը փորձում է ճշտել այս տեղեկությունը ևս։
Բացի այդ, մամուլում շրջանառվում են լուրեր ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխությունների մասին։ Տարածվող տեղեկությունների համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
«Արմենպրես»-ը փորձում է ստուգել Կառավարությունում հրաժարականների մասին լուրերի իսկությունը։ Գործակալության թղթակցին հաջողվեց կապ հաստատել ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանի հետ, որը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց ՏԿԵ նախարարի հրաժարականի լուրը` նշելով, որ ամեն ինչ պարզ կլինի երկուշաբթի օրը։
Գործադիր մարմնի վերջին նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել իրավապահ մարմինների, դատական համակարգի աշխատանքից՝ նշելով, որ կայացնելու է որոշումներ։ Հրաժարականների լուրը կապվում է այդ դժգոհությունների հետ։