Գյումրու դրամատիկական թատրոնը հանդիսատեսի դատին ներկայացրեց Անտոնիո Բուերո Վալյեխոյի պիեսի վրա հիմնված «Խավարի առաքյալները» դրաման

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հանդիսատեսի դատին ներկայացրեց Անտոնիո Բուերո Վալյեխոյի «Բոցավառ խավարում» պիեսի վրա հիմնված «Խավարի առաքյալները» հոգեբանական դրաման՝ 2 գործողությամբ։ Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ բեմադրության և երաժշտական ձևավորման հեղինակ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ «Խավարի առաքյալները» ներկայացումը ստեղծվել է իսպանացի գրողի «Բոցավառ խավարում» պիեսի հիման վրա: «Թեման խորապես հուզական է՝ անդրադառնում է կույր երեխաների կյանքին, բայց, միաժամանակ, ուղղված է տեսնող մարդկանց, ովքեր հաճախ չեն տեսնում ճշմարտությունը»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ թեման պահանջում էր զգուշավոր և խորը մոտեցում:

Ներկայացման մեջ ընդգրկված են թե՛ թատրոնի փորձառու դերասանները, թե՛ երիտասարդ արտիստները: «Երիտասարդների ներգրավումը կարևոր է ինչպես դերասանական, այնպես էլ ստեղծագործական թիմի տեսանկյունից»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով Արտուշ Միքայելյանին (ռեժիսորի ասիստենտ), Հակոբ Պողոսյանին (նկարչական ձևավորում), Լուսինե Խաչատրյանին (զգեստների ձևավորում) և Արինա Արարատյանին (պարերի բեմադրություն):

Առաջնախաղն անցավ մեծ ոգևորությամբ ու երկարատև ծափերով, ինչը խոսում է այն մասին, որ  գյումրեցի խստապահանջ հանդիսատեսը բարձր գնահատեց ներկայացումը, որը խոստանում է ունենալ երկար ու հաջող ճանապարհ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский