ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի որակավորման փուլի նախավերջին տուրում հյուրընկալեց Ֆարերյան կղզիների ընտրանուն` տարվա վերջին տնային խաղն անցկացնելով Հանրապետական մարզադաշտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին Հայաստանի ընտրանին մի քանի վտանգավոր պահեր ուներ, սակայն չիրացրեց այն: Անկյունայինի խաղարկումից հետո կարող էր աչքի ընկնել Նաիր Տիկնիզյանը:
Ֆարերյան կղզիների հավաքականը նույնպես չէր կենտրոնացել միայն պաշտպանության վրա: Նրանք նաև արագ հակագրոհում էին:
Հանդիպման 33-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Դավիդսենը:
Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը տիրել էր նախաձեռնությանը: Վիճակագրությամբ էլ Հայաստանի ազգային ընտրանին բացահայտ առավելություն ուներ, սակայն այն գոլի վերածել չէր հաջողվում: Ֆարերյան կղզիների թիմը հստակ էր գործում պաշտպանությունում:
Հայաստան-Ֆարերյան կղզիներ`0:1: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականը կրեց երրորդ պարտությունը:
Ազգերի լիգայի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 17-ին արտագնա խաղում կմրցի Լատվիայի հավաքականի հետ: Այս հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: