COP-29 համաժողովն Ադրբեջանում անցկացնելը երեսպաշտության ծայրահեղ դրսևորում է. Գրետա Թունբերգ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը մի կողմից ցանկանում է հանդես գալ որպես շրջակա միջավայրի պաշտպան, սակայն մյուս կողմից ցանկանում է ընդլայնել գազի ու նավթի արդյունահանումը։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Հայաստանի ամերիկյան համալսարանում «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և բնապահպանության վրա» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտնեց քաղաքական ակտիվիստ և բնապահպան Գրետա Թունբերգը, ով հրապարակավ հրաժարվել է մեկնել Բաքու՝ բոյկոտելով COP-29 համաժողովը։  

«Իմ դիրքորոշումը շատ պարզ է։ Կլիմայի վերաբերյալ հիմնական սկզբունքն այն է, որ իմ և շատ ուրիշ ակտիվիստների օրակարգերը բոլորովին անհամատեղելի են ադրբեջանական կողմի օրակարգի հետ և հակասում են այն իրականությանը, որն առկա է Ադրբեջանում։ Պարզապես սրտխառնոց է առաջանում, երբ ականատես ենք լինում նման երկերեսանիության ու կեղծավորության։ Այն, որ COP-29 համաժողովը տեղի է ունենում Ադրբեջանում, ուղղակի երեսպաշտության ծայրահեղ դրսևորում է»,- ասաց Թունբերգը։  

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը կարողանում է ոչ միայն սարսափելի հանցագործություններ կատարել և չպատժվել, այլև նրա առջև միջազգային հարթակում դռներ են բացվում՝ օրինականացնելով այդ երկրում մարդու իրավունքների սահմռկեցուցիչ խախտումները։ 

«Աշխարհը լուռ է և լռելյայն Ադրբեջանին ընձեռում է նման կերպ վարվելու հնարավորություն։ Սա միակ դեպքը չէ։ Մենք պետք է դադարենք ձևացնել ու չտեսնել, որ կլիմային նվիրված համաժողովն անցկացվում է այնպիսի երկրում, որտեղ ռեպրեսիվ մոտեցումներ կան, որտեղ ճնշվում է սեփական ժողովուրդը։ Իրավապաշտպաններն ու էկոակտիվիստներն այդ երկրում ասում են, որ իրենք ապրում են ինչպես բանտում, որ պետությունը չի պաշտպանում իրենց իրավունքները։ Մենք այսօր խոսում ենք խնդրի մասին, մինչդեռ այնտեղ քաղհասարակությունը շարունակաբար ենթարկվում է ճնշումների։ Ովքեր կողմ են փոփոխություններին և խոսում են այդ մասին, նրանց ձայները հետևողականորեն լռեցվում են»,- ասաց Թունբերգը։ 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը՝ շվեդուհի ակտիվիստը շեշտեց, որ Ադրբեջանը միանշանակ պատասխանատու է դրա համար։ Ըստ նրա՝ շարունակական տառապանքները, որոնց միջով անցել են հայերն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ինչպես նաև խոշտանգումներն ու բռնի տեղահանումները, ֆիզիկական և հոգեբանական վայրագությունները բացարձակապես անընդունելի և անհանդուրժելի են։

«Ցավալի է, որ աշխարհը շարունակում է լուռ մնալ և թույլ է տալիս Ադրբեջանին նման համաժողովի անցկացմամբ կոծկել իր հանցագործությունները։ Ադրբեջանն, անշուշտ, ցանկանում է ընդլայնել նավթի ու գազի արդյունահանումը։ Շատ երկրներ, որոնք ներկրում են այդ էներգակիրներն Ադրբեջանից, հետևողականորեն աչքաթող են անում նրա վարքագիծը։ Եթե մենք պայքարում ենք արդարության համար, ապա դա հավասարապես պետք է տարածվի բոլորի վրա։ Պետք է լինի արդարադատություն բոլորի համար»,- եզրափակեց Թունբերգը։ 

Գրետա Թունբերգ

Գրետա Թունբերգ

 

Հայերեն English Русский

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում