ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ամստերդամի Eye կինոթանգարանի նախաձեռնությամբ Մատենադարանում կազմակերպվել են տեղական և միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների արժանացած ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի, Սինեմատեկ ֆրանսեզի, Նիդեռլանդների կինոթանգարանի հավաքածուներից Սաֆարյանի ֆիլմերի ցուցադրությունները մեկնարկել են նոյեմբերի 6-ին։
Նոյեմբերի 6-ին Մատենադարանում «Կորսված չէ՛» խորագրով ցուցադրվել են Սաֆարյանի «Անտառ» և «Կորսված դրախտ» ֆիլմերը։
Նոյեմբերի 7-ին «Ի հեճուկս» խորագրով ցուցադրվել են ռեժիսորի «Կոչում», «Կրա՛կ», «Ջերմության կարոտ», «Չեմպիոն», «Օրոր», «Որքան էլ տարօրինակ է», «Խոխլովայի մասին», «Տեսանելի անտեսանելի, անտեսանելի տեսանելի» կարճամետրաժ ֆիլմերը։
Նոյեմբերի 13-ին հետահայաց ցուցադրությունների շրջանակում արվեստասերները կարող են դիտել «28։94 տեղական ժամանակ» կինոնկարը։ Ցուցադրությունից հետո ներկաները կարող են հարցեր ուղղել ռեժիսորին։ Միջոցառումը կանցկացվի «Ժամանակից դուրս» խորագրի ներքո։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին էլ Դավիթ Սաֆարյանը «Հեքիաթ» խորագրով հանդիպմանը կներկայացնի «Հեքիաթ Սարյան» ֆիլմի նախագիծն ու մինչ օրս կատարված աշխատանքները։ Դա հնարավորություն կտա պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում «անսպասելի» անդրադարձը ականավոր նկարչի կյանքին ու գործունեությանը։