ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները պետության ու պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար առաջացնում են միջազգային պատասխանատվություն:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» թեմայով քննարկմանն այս մասին շեշտեց քննարկումը նախաձեռնած պատգամավորների ներկայացուցիչ, խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: 

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Բաքվում մեկնարկած COP29 համաժողովին զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքի լեզով խոսել Հայաստանի հետ:

Նա ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հայերի դեմ իրականացված հանցագործությունն էթնիկ զտման դասագրքային  օրինակ է, իսկ այն ամրագրված է Հայաստանի և  COP-29 մասնակից մի շարք պետությունների կողմից վավերացված Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության տարր: «Ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հետևանքով այս պահին Ադրբեջանի պաշտոնական տեղեկություններով և հաստատմամբ Բաքվի բանտերում են գտնվում 23 հայեր, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները: Ուզում եմ Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցնել, որ, ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից, Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերիներին: Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներն ինչպես պետության, այնպես էլ պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար անվերապահորեն առաջացնում են միջազգային պատասխանատվություն՝ առանց վաղեմության ժամկետի»,-ասաց Աբրահամյանը:

Նա շեշտեց՝ միջազգային պրակտիկան նաև սահմանում է, որ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը ենթադրում է, որ տեղի է ունեցել գերիների, ռազմագերիների վերադարձ, ավելին՝ դա համարվում է խաղաղության հասնելու առաջին քայլը:  

Պատգամավորը հիշեցրեց, որ այս ընթացքում բազմաթիվ երկրների խորհրդարանականներ բարձրացրել են իրենց ձայնը՝ ի պաշտպանություն Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և ռազմագերիների: Եվրոպական խորհրդարանը նույնիսկ առանձին ձևակերպումներով բանաձև է ընդունել: 

Աբրահամյանը կարևորեց COP-29-ի օրերին նման քննարկման անցկացումը Հայաստանի խորհրդարանում: Նա շեշտեց՝ խորհրդարանը պետք է միջազգային դերակատարների ուշադրությունը կենտրոնացնի գերիների, ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ: «COP29-ի շրջանակում Ադրբեջանի նկատմամբ ուղղակի և անուղղակի ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է: Եվ, եթե պետությունն ակտիվ չգործի, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում, հետո ավելի բարդ է լինելու»,–նշեց նա:

Հրատապ քննարկումը նախաձեռնել են ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:  

 

 

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը