Քաղաքականություն

Ընդդիմադիրներն ԱԺ-ում հրատապ քննարկում են նախաձեռնել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Ընդդիմադիրներն ԱԺ-ում հրատապ քննարկում են նախաձեռնել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային ժողովում նախաձեռնել են հրատապ քննարկում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնական զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 

Թեմայի առնչությամբ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ այս հարցը արդիական է և պետք է այն բարձրաձայնել ոչ միայն խորհրդարանում, այլ նաև միջազգային մակարդակում։

«Նախատեսվում է հայտարարության նախագծի քվեարկություն։ Շուտով աշխատակազմին կփոխանցվի հայտարարության նախագիծը, որպեսզի բոլոր պատգամավորներն ունենան։ Օգտվելով հարցի հրատապությունից՝ կարծում ենք, որ քաղաքական մեծամասնությունը և կառավարությունն իրենց վերաբերմունքը պետք է հստակ արտահայտեն Ադրբեջանի կողմից իրականացվող այս հակամարդկային արարքի վերաբերյալ»,-նշեց Արծվիկ Մինասյանը։ 

Նա ավելացրեց, որ սա շատ լավ առիթ է, որ Բաքվում նախաձեռնված COP-29 շրջանակներում Հայաստանի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը պահանջ և ուղերձ ուղղի միջազգային հանրությանն՝ աջակցել բոլոր հայ գերիներին ազատ արձակելու ջանքերին։ 

Մինասյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմը ոչ միայն խախտում է միջազգային իրավունքները, այլ նաև իրականացնում է մարդկության նկատմամբ հակամարդկային արարք, և Հայաստանի իշխանությունները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն դրա վերաբերյալ։

Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են իրենց մոտ 23 հայ գերու առկայությունը։ Նրանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։  

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում