Եվրոպա

Շոլցն ու Թրամփը պատրաստակամություն են հայտնել համագործակցել հանուն Եվրոպայի խաղաղության

2 րոպեի ընթերցում

Շոլցն ու Թրամփը պատրաստակամություն են հայտնել համագործակցել հանուն Եվրոպայի խաղաղության

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել, որ   համագործակցելու են Եվրոպայում խաղաղություն ապահովելու շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայթին։

Շոլցը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են «միասին աշխատել խաղաղությունը Եվրոպա վերադարձնելու ուղղությամբ»։

Նրանք նաև կարծիքներ են փոխանակել Գերմանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների և առկա աշխարհաքաղաքական մարտահրավերների շուրջ։

Հեբեշտրայթի խոսքով՝ Շոլցը նաև «ընդգծել է Գերմանիայի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու երկու երկրների կառավարությունների միջև երկար տարիների հաջող համագործակցությունը»:

Սա նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո նրա առաջին հեռախոսազրույցն էր Օլաֆ Շոլցի հետ։

Նոյեմբերի 10-ին կայացած հեռախոսազրույցից հետո Շոլցը հյուրընկալվել է ARD հանրային հեռարձակողի եթերում և խոսել Թրամփի հետ ապագա համագործակցության հեռանկարների մասին։

«Իմ սկզբունքը միշտ հետևյալն է, եթե կարելի է դա ասել պարզ բառերով, դու պարում ես այն մարդկանց հետ, ովքեր սենյակում են։ Դա նաև վերաբերում է ԱՄՆ ապագա նախագահին», - ասել է նա։

Նոյեմբերի 10-ին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի թեման քննարկել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում