Քաղաքականություն

Ընտրական օրենսգրքի բարեփոխումները ներառում են նոր երաշխիքներ հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար

2 րոպեի ընթերցում

Ընտրական օրենսգրքի բարեփոխումները ներառում են նոր երաշխիքներ հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առանցքային ուղղություններից մեկը տեղամասային կենտրոնների մատչելիության բարելավումն է հաշմանդամություն և տեղաշարժման հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ 

«Թեև նախորդիվ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ընտրությունների հասանելիությունը բարձրացնելու նպատակով, սակայն տեղամասային կենտրոնների մեծ մասը դեռևս մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ներկայացված փոփոխությունների փաթեթն ընդգրկում է նոր իրավական երաշխիքներ, որոնք պետության համար կդառնան խթան՝ ապահովելու այս անձանց ընտրական իրավունքների լիարժեք իրականացումը»,-ընդգծեց Արմենուհի Հարությունյանը։  

Արմենուհի Հարությունյանն ասաց, որ ժողովրդավարության ամրապնդման գործում առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական ինստիտուտների ընտրական համակարգի շարունակական բարելավումը։ 

«Սա, կարծում եմ, որևէ մեկիս մոտ կասկած չի հարուցում»,- ընդգծեց Հարությունյանն՝ անդրադառնալով 2018 թվականից սկսած բարեփոխումներին, որոնք ամրապնդվել են դատական և իրավական բարեփոխումների տարբեր ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերով։ 

Ըստ Հարությունյանի՝ ընտրական օրենսգրքի բարեփոխումների նոր փաթեթը հիմնված է ոչ միայն 2018-2021 թվականներին կատարված բարեփոխումների, այլև տեղական և միջազգային դիտորդական կազմակերպությունների արձանագրած խնդիրների վրա։ 

«2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ծագել էին բազմաթիվ խնդիրներ, որոնք արձանագրվել են ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների և ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի կողմից»,-ասաց Հարությունյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում