Քաղաքականություն

Հայաստանի և Իրանի շահերն ու հետաքրքրությունները հարյուր տոկոսով համահունչ են. Էհսան Մովահեդիան

7 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի շահերն ու հետաքրքրությունները հարյուր տոկոսով համահունչ են. Էհսան Մովահեդիան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Իրանը երկրներ են, որոնց շահերը հարյուր տոկոսով համահունչ են․ շատ դժվար է աշխարհում գտնել մեկ այլ դեպք, երբ երկրների շահերն ու հետաքրքրությունները նման կերպ համընկնեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանն, ով կենտրոնացած է կովկասյան տարածաշրջանի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանի հարևան երկրների հարցերով։

Անդրադառնալով Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների և համագործակցության ներկա մակարդակին՝ Էհսան Մովահեդիանը տեսակետ հայտնեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը, հարաբերությունները գնալով ավելի են ընդլայնվում ու աճում։  

«Ես գոհ եմ մեր հարաբերությունների աճից, բայց կարծում եմ, որ պետք է ավելի ակտիվացնել դրանք: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք իսկապես շատ կարևոր են: Կարծում եմ՝ մեր համագործակցության ամենակարևոր մասերից մեկը տնտեսական ոլորտն է։ Իմ կարծիքով՝ երկու երկրների տնտեսական համագործակցության հիմքը տնտեսական միջանցքներն են: Տարածաշրջանի տնտեսական ուղիների սրտում գտնվելու Հայաստանի հավակնությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չափազանց կարևոր են ինչպես ձեզ համար, այնպես էլ չափազանց կարևոր են Իրանի համար», - նշեց փորձագետը՝ նկատելով, որ այդ տնտեսական ուղիների մի մասը կապված է հենց Իրանի տարածքի հետ։ 

Նա ընդգծեց, որ մասնավորապես «Հյուսիս-հարավ» միջանցքը մեծ կարևորություն ունի Հայաստանի ու Իրանի համար։ Նրա խոսքով՝ Երևանն ու Թեհրանը պետք է աշխատեն այդ միջանցքի բարելավման ու զարգացման ուղղությամբ, քանի որ Հայաստանի համար այն ամենաապահով ճանապարհն է դեպի Պարսից ծոցի ազատ ջրեր: 

«Լավ է, որ Հայաստանը ցանկանում է նաև միանալ արևելքն արևմուտքին կապող տնտեսական ուղուն, սակայն երբ մենք գնահատում ենք իրավիճակը, կարծում եմ, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրն այդքան էլ շուտ չի լինի, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը արձագանքում ձեր նախաձեռնություններին: Հետևաբար, մենք այստեղ լավ տարբերակ ունենք Իրանով, Հայաստանով և Վրաստանով: Եվ դա կարևոր է բոլոր երեք երկրների համար, որոնք կապվում են միմյանց, աջակցում են միմյանց, ինչը կարևոր է ոչ միայն ձեզ համար, այլև մեզ համար», - նշեց Էհսան Մովահեդիանը՝ մանրամասնելով, որ Հայաստանի Հանրապետության միջոցով Իրանը կարող է կապվել ինչպես եվրասիական տարածաշրջանի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի հետ: 

Փորձագետը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Հայաստանն այդ առումով Իրանի համար մեծ կարևորություն ունի. «Պարզապես, բանն այն է, որ Իրանում որոշ մարդիկ չեն հասկանում, թե որքան կարևոր է այս կապը»:

Խոսելով տնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մասին՝ փորձագետը անդրադարձ կատարեց էներգետիկ ոլորտում համագործակցությանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ շուկան՝ չցանկանալով կախված լինել Ռուսաստանից։  

«Դա շատ տրամաբանական է, որովհետև յուրաքանչյուր երկիր պետք է դիվերսիֆիկացնի իր էներգետիկ ռեսուրսները: Աշխարհի յուրաքանչյուր երկիր դա անում է: Դա շատ տրամաբանական է Հայաստանի համար: Այս հարցում դուք կարող եք ավելի շատ հույս դնել Իրանի վրա: Մենք պայմանավորվածություն ունենք էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման վերաբերյալ և պետք է ընդլայնենք այն», - ասաց Մովահեդիանը: 

Փորձագետի դիտարկմամբ՝ իրանցիները կարող են տարբեր տեսակի ապրանքներ արտահանել Հայաստան և նույնը կարող է անել նաև Հայաստանը՝ տարբեր ապրանքներ արտահանելով Իրան և վերջինիս միջոցով՝ նաև այլ երկրներ: 

Էհսան Մովահեդիանի խոսքով՝ հայ-իրանական համագործակցության մյուս կետը վերաբերում է քաղաքականությանը և անվտանգությանը: 

«Իրանն ու Հայաստանը երկու երկրներ են, որոնց շահերը 100 տոկոսով համահունչ են: Այնքան դժվար է աշխարհում գտնել մեկ այլ դեպք, երբ երկրների շահերը և հետաքրքրությունները մեր այդքան կհամընկնեն: Օրինակ, երբ խոսքը վերաբերում է միջանցքներին, որոշ երկրներ՝ ձեր հարևան երկրները, ցանկանում են անցնել Հայաստանի տարածքով, սակայն չեն ուզում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նրանք ցանկանում են ստանալ միջանցքներ և ցանկանում են վերահսկել դրանք: Իրանը միակ հարևան երկիրն է և միակ ընկերը, որն ասում է՝ դա հնարավոր չէ, ընդունելի չէ», - շեշտեց Էհսան Մովահեդիանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է պայքարել դրա դեմ, քանզի Հայաստանի հետ կապը Թեհրանի համար կենսական նշանակություն ունի։

Փորձագետը նաև ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ Թուրքիան՝ որոշ երկրների օգնությամբ, փորձում է ստեղծել թուրքական աշխարհ, որտեղ նրանց համար միակ խոչընդոտը Հայաստանն է: 

«Դուք հին պատմություն ունեք: Ունեք ձեր քաղաքակրթությունը, այբուբենը, առաջին քրիստոնյա երկիրն եք աշխարհում: Եվ դուք եզակի եք աշխարհի այս մասում: Նրանք չեն կարող դա հանդուրժել: Եվ մենք տեսնում ենք, որ ձեր հարևան երկրներում որոշ տարրեր ցանկանում են ապակայունացնել, ինչ-որ կերպ փոխել իրավիճակը Հայաստանում: Նրանք ցանկանում են քանդել ձեր քաղաքակրթությունը», - ասաց իրանցի փորձագետը:  

Նրա խոսքով՝ Իրանը ջանում է պահպանել իր տարածքում գտնվող հայկական եկեղեցիները․ «Դուք գիտեք, որ հարյուրավոր հնագույն եկեղեցիներ ունեք Իրանում, և մենք հարգում ու պահպանում ենք դրանք: Բայց տեսնում եք, որ մյուս հարևաններն ուշադրություն չեն դարձնում այս բաներին»: 

Փորձագետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Իրանն իսկապես աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և խորապես մտահոգված է այսպես կոչված «միջանցքով», որը որոշ երկրներ ցանկանում են ստեղծել Հայաստանում՝ չցանկանալով հարգել ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում