ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախատեսում է 2024 թվականի դեկտեմբերին այցելել Մալթա՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Վեդոմոստի» թերթը ՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։
«Նման սցենարի դեպքում Լավրովն առաջին անգամ կայցելի Եվրամիության անդամ երկիր` Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր», - ընդգծվում է հրապարակման մեջ։
Ինչպես հայտարարել է Զախարովան, այդ միջոցառումն ընդունող երկիրը պետք է հնարավորություն ապահովի աշխատելու ԵԱՀԿ բոլոր անդամ երկրների ներկայացուցիչներին։
ՌԴ-ում Մալթայի դեսպանատանը, ի պատասխան պարբերականի հարցման, հաստատել են, որ այդ երկրում դեկտեմբերի 5-6-ը ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի հանդիպում կանցկացվի, որը կվերաբերի կազմակերպության բոլոր անդամներին, այդ թվում՝Ռուսաստանի Դաշնությանը։
Մալթայի դեսպանությունը չի մեկնաբանել Եվրամիության կողմից Սերգեյ Լավրովի դեմ սահմանված պատժամիջոցների շուրջ ստեղծված իրավիճակը: Իրենց հերթին ԵԱՀԿ քարտուղարությունում ասել են, որ իրենք ոչինչ չունեն ավելացնելու Մալթայի դեսպանատան տված տեղեկատվությանը: