«Նորաձևության շաբաթ 2024»-ը վերադառնում է՝ մեկ հարթակում հավաքելով հայ և միջազգային դիզայներներին

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 7-ից 10-ը կանցկացվի «Նորաձևության շաբաթ 2024»-ը՝ մեկ հարթակում հավաքելով հայ և միջազգային դիզայներներին, ոլորտի կարևոր դեմքերին և նորաձևությամբ հետաքրքրվողներին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նորաձևության շաբաթվա շրջանակում մասնակիցները  կծանոթանան ավանգարդ, էլեգանտ, սպորտային և բոհո հավաքածուներին: 

«Նորաձևության և հագուստի պալատ» ՀԿ-ի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանն ուրախությամբ նշեց, որ այս տարի նորաձևության շաբաթն անցկացվելու է ավելի մասշտաբային, իսկ հետաքրքրվածությունը միջոցառման հանդեպ բավականին մեծացել է: 

«Երեք օր շարունակ 15-ից ավելի տաղանդավոր դիզայներներ կցուցադրեն իրենց նորագույն հավաքածուները, այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր ներկայացումների, հետաքրքիր քննարկումների և անհատական ցուցահանդեսների: Կլինեն բազմաթիվ հնարավորություններ շփվելու դիզայներների, միջազգային հյուրերի և մամուլի ներկայացուցիչների հետ»,- նշեց Խաչատրյանը:

Նա նշեց, որ այս տարի «Նորաձևության շաբաթ 2024»-ի գլխավոր գործընկերն է Երևանի քաղաքապետարանը, ինչը, միջազգային փորձից ելնելով, շատ կարևոր համագործակցություն է: 

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Սեդա Աղբալյանը, կարևորելով նման միջոցառումների դերը, նշեց՝ աշխարհի բազմաթիվ քաղաքներում կազմակերպվող նորաձևության շաբաթների մեծ մասը իրականացվում են հենց քաղաքային իշխանությունների կողմից:

«Տուրիզմը և մշակույթը ազգի ինքնությունը ներկայացնելու միջոց են, տուրիզմը նաև ինչ-որ տեղ շոփինգ է, և նորաձևության շաբաթը շատ լավ հնարավորություն է տեղացի դիզայներների արտադրանքն աշխարհի տարբեր ազգերի ներկայացնելու համար»,- նշեց Սեդա Աղբալյանը:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան  Ջոն Գալագերն ընդգծեց, որ մեծ հպարտությամբ և ոգևորվածությամբ են աջակցում «Նորաձևության շաբաթ 2024»-ի կայացմանը:

«Մենք այս աջակցության միջոցով փորձում ենք խթանել Հայաստանում ստեղծարար ոլորտի զարգացումը: Հայաստանի նորաձևության և հագուստի պալատի հետ համագործակցելով՝ մենք համատեղ փորձում ենք զարգացնել նորաձևությունը, ինչպես նաև ստեղծել աշխատատեղեր և հնարավորություններ ոլորտի երիտասարդ ներկայացուցիչների համար»,- նշեց դեսպանը: 

Նա նշեց, որ շատ ուրախ է, որ միջոցառման շրջանակում լինելու է նորաձևության կայուն զարգացման  թեմայով քննարկում, որը վարելու է Մեծ Բրիտանիայից ժամանած դիզայները: Նա ընդգծեց՝ ողջ աշխարհում կայուն զարգացումն ու թափոնների կրճատումը այն թեմաներն են, որ մշտապես արծարծվում են նորաձևության մեջ, ու այս քննարկումը հայկական նորաձևության ոլորտը կապում է գլոբալ նորաձևության հետ:

Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերն ընդգծեց՝ ուրախ են, որ այս աջակցությամբ կարողանում են նպաստել ոլորտի և առհասարակ Հայաստանի էկոնոմիկայի զարգացմանը:

«Գերմանիայի կառավարության առաջնահերթություններից մեկն է օգնել մեր հայաստանյան գործընկերներին, որպեսզի նրանք ապագայում ձևավորեն կայուն տնտեսական միավորներ: Չպետք է մոռանալ, որ Հայաստանում և ամբողջ աշխարհում նորաձևությունը շատ ազդեցիկ ոլորտ է: Ստացվում է, որ նորաձևությունն այն ուժն է, որ առաջ է տանում տնտեսությունը»,- նշեց  Մադլեն Ռաուշենբերգերը: 

Հայաստանի նորաձևության և հագուստի պալատի համահիմնադիր, ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը նշեց՝ նորաձևության սիրահարներին սպասվում է իսկական տոն: 

Նոյեմբերի 7-ին կանցկացվի Fashion Scout Armenia տաղանդների բացահայտման մրցույթը, որը  եզակի հարթակ է նորաձևության ոլորտի սկսնակ դիզայներների բացահայտման և առաջխաղացման համար: 

«Այս տարի մրցույթը կանցկացվի պատմական մեծ նշանակություն ունեցող խորհրդային ժամանակաշրջանի բռնադատվածների հուշահամալիրում: «Ժողովրդավարություն և խոսքի ազատություն» խորագրով միջոցառումը նպատակ ունի երիտասարդ, նորարար և ստեղծարար մտքի ազատության նոր շունչ հաղորդել տարածքին»,- ասաց Մանուկյանը: 

Նրա խոսքով՝ կլինեն պանելային քննարկումներ, որոնք  կներառեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ նորաձևության ոճավորում, նորաձևության լուսանկարչություն, բրենդի ստեղծում և զարգացում, մշակույթ և կայունություն, ՏՏ և նորաձևություն, նորաձևության պորտֆոլիո, որոնց խոսնակները կլինեն  միջազգային նորաձևության փորձագետները, YFW հյուրերը և ոլորտի հայ մասնագետները:  

Կներկայացվեն CRELAB Kotayk և CRELAB Tavush կենտրոնների, Տերյան մշակութային կենտրոնի հայկական ազգային հագուստի, Լեռնային Ղարաբաղի ուսանողների կողմից ստեղծված հավաքածուները: 

Միջոցառումը ամբողջությամբ կլուսաբանվի նորաձևության միջազգային մամուլի կողմից, ինչպիսիք են` Vogue Italy, WWD Japan, Elle Japan, L'Officiel Italy, Le Mile Magazine, The Impression USA, FAULT Magazine, BLINX Media Hub Dubai, AMICA Italy, White Milano, Elle Italy, ինչպես նաև կլինեն նորաձևության լուսանկարիչներ և ինֆլուենսերներ, ինչպիսիք են Ադամ Կաց Սինդինգը, Իվան Ռոդիկը (FaceHunter), Ռոբերտո Դե Ռոսան և ուրիշներ։ 

Երևանի Նորաձևության շաբաթը առաջին անգամ պաշտոնապես կայացել է 2023 թվականին։ Նպատակ կա այն դարձնել ամենամյա միջոցառում` նպաստելով Հայաստանի նորաձևության ոլորտի տեսանելիությանը և բարձրացնելով Երևանի դերը միջազգային ստեղծագործ էկոհամակարգում:

Երևանի Նորաձևության շաբաթվա գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև ֆինանսական աջակիցներն են՝ Միացյալ Թագավորության կառավարությունը, Գերմանիայի կառավարությունը` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի շրջանակում և Բրիտանական խորհուրդը: 

Հայերեն

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Երևանը՝ տարվա զբոսաշրջային անակնկալ. հունական զբոսաշրջային ամսագիրը ծավալուն նյութ է հրապարակել Հայաստանի մասին

Մոսկվայի հոսթելներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով 300 մարդ է տարհանվել

ՀՀ ԱԱԾ-ն հերքել է տարածվող տեղեկատվությունը, թե Հանրապետության հրապարակում ադրբեջանցիներ են եղել

Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերի դուրսբերման հնարավորության մասին

Տրանսպորտի սակագների վերաբերյալ Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց. վեճ և իրարանցում սկսվեց

Լարված իրավիճակ ավագանու արտահերթ նիստում

Թրամփը ԲՐԻԿՍ-ի անդամներին սպառնացել է 100% մաքսատուրքերով, եթե նրանք հրաժարվեն ԱՄՆ դոլարից

Թրամփը Վաշինգտոնում ավիավթարի մեջ մեղադրել է նախկին վարչակազմին