Տնտեսություն

Մեկնարկել է «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագիրը

5 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեխնիկական աջակցություն տրամադրող կոնսորցիումի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 31-ին կազմակերպել է «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի մեկնարկային հանդիպումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից իրականացվող համապարփակ  նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։ 

«Այս ծրագիրը կենտրոնացած է ոռոգման ենթակառուցվածքների արդիականացման և գյուղատնտեսական պրակտիկայի բարելավման վրա՝ ավելի կայուն և արդյունավետ գյուղատնտեսական համակարգ կառուցելու համար:

Անդրադառնալով և՛ ջրի կառավարմանը, և՛ գյուղատնտեսության զարգացմանը՝ ծրագիրը նպատակ ունի աջակցել Արարատի և Արմավիրի մարզերի ֆերմերներին և շահագրգիռ կողմերին:

Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։

Այդ բաղադրիչի շրջանակներում ինստիտուցիոնալ աջակցություն է տրամադրվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ուղղված թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառումը մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի ողջույնի խոսքով, ով նշել է, որ այս ծրագիրը նոր էջ կբացի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար՝ նպաստելով Կառավարության կողմից ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների իրականացմանը, ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նորարարական կայուն մեխանիզմների ներդրմանը, ֆերմերների որակյալ ուսուցման ծրագրի միջոցով վերջիններիս գյուղատնտեսական փորձի համապատասխանեցմանը ներկայիս պահանջներին և բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի մշակման ընդլայնմանը։ 

Ըստ աղբյուրի՝ Խոջոյանին հաջորդել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, ով ընդգծել է գյուղատնտեսության զարգացման համար ենթակառուցվածքների առկայության կարևորությունը։ «Ծրագիրը հատկապես կարևոր է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման տեսանկյունից», - ընդգծել է պարոն Տերտերյանը։ 

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը խոսել է ԵՄ աջակցության և Հայաստանի համար ծրագրի կարևորության մասին։ «Ուրախ ենք, որ մենք արդեն այս փուլում ենք, այս ծրագիրն երկար սպասված ծրագիր է։ Արարատն ու Արմավիրը կարևոր մարզեր են գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից։ Հուսով ենք այս ծրագրի շնորհիվ կգրանցենք արտադրողականության աճ և այն կձևափոխի Հայաստանի գյուղատնտեսության պատկերը»,- ասել է Հեսը:

Նշվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության հայաստանյան ծրագրի պատասխանատու Լիզ Էնեզյանը խոսել է  ծրագրի համագործակցային մոտեցման մասին, -«Մենք ունենք Եվրոպական և ֆրանսիական փորձ, ինչպես նաև ծրագիրն իրականացնող թիմի բարձր որակավորում, մենք վստահաբար գրանցելու ենք հաջողություններ»։

Ողջույնի ելույթներին հաջորդել է ծրագրի ներկայացումը՝ կոնսորցիումը ղեկավարող «Ագրո Քընսալթինգ Եվրոփ» ընկերության թիմի ղեկավար Ստեֆան Ռոզնոուի կողմից։ Նա անդրադարձել է ծրագրի նպատակներին և ներկայացրել ծրագրի կառուցվածքն ու նախատեսվող միջամտությունները։ 

«Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու ծրագրի նպատակներին, այլև ծրագրի ուղղություններին, ինչպիսիք են՝ գյուղատնտեսական կայուն խորհրդատվական համակարգի ստեղծումը, փոքր ֆերմերային տնտեսությունները ներկայացնող ֆերմերներին թիրախելու համար ռազմավարության մշակումը, բարձրարժեք գյուղատնտեսության իրականացումը և ժամանակակից, արդյունավետ ոռոգման համակարգերի ներդրումը։ 

Միջոցառմանը ներկա էին կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, ջրային կոմիտեի, քաղաքացիական հասարակության, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ։ 

Միջոցառումը ավարտվեց աշխույժ քննարկմամբ, որն ընդգծեց համագործակցության կարևորությունը կլիմայի փոփոխության մարտահրավերների և Հայաստանում գյուղատնտեսական պրակտիկայի բարելավման գործում»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում