Հայաստան

Առևտրով զբաղվող ընկերության պատասխանատու անձինք պետբյուջե են վճարել չվճարված 100 մլն ՀՀ դրամ հարկ

2 րոպեի ընթերցում

Առևտրով զբաղվող ընկերության պատասխանատու անձինք պետբյուջե են վճարել չվճարված 100 մլն ՀՀ դրամ հարկ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերության հիմնադիրը և գործունեությունը փաստացի ղեկավարող անձը, այդ կազմակերպության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, հարկեր չվճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները, 2019 թ․ մարտից մինչև 2023թ․ հունվար ընկած ժամանակահատվածում թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը. վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ ու դուրս չի գրել հարկային հաշիվներ։ Իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ։ Դրանց հետևանքով պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության հիմնադիրի և տնօրենի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հարուցվել են քրեական հետապնդումներ, և վերջիններիս  ներկայացվել է մեղադրանք։

Նախաքննության ընթացքում ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե վճարել 100.000.000 ՀՀ դրամ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում