Իրան

Սի Ծինփինը Փեզեշքիանի հետ հանդիպմանը ողջունել է Իրանի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ին

3 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը Փեզեշքիանի հետ հանդիպմանը ողջունել է Իրանի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը ողջունում է Իրանի լիիրավ մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գործունեությանը և պատրաստ է համատեղ ջանքերով նպաստելու ավելի արդար աշխարհակարգի հաստատմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այդ  մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որը հոկտեմբերի 23-ին Կազանում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

«Ողջունում եմ Իրանի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի ղեկավարների հանդիպմանն առաջին անգամ որպես պաշտոնական անդամ…. ՉԺՀ-ն պատրաստ է ամրապնդելու համագործակցությունն Իրանի հետ ԲՐԻԿՍ-ի և այլ բազմակողմ կառույցների հարթակում՝ էլ ավելի ուժեղացնելու գլոբալ Հարավի ազդեցությունն ու ձայնը, նպաստելու միջազգային կարգի զարգացմանն ավելի արդարացի և ռացիոնալ ուղղությամբ», - ասել է Չինաստանի ղեկավարը:

Սի Ծինփինը նշել է, որ Իրանը Չինաստանի «լավ բարեկամն ու գործընկերն է», որը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում և միջազգային ասպարեզում։ 

«Աշխարհում դինամիկ դարակազմիկ փոփոխությունների ֆոնին գնալով նկատելի է դառնում չին-իրանական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը»,- ընդգծել է նա։

Չինաստանի նախագահի խոսքով՝ Պեկինը մշտապես կամրապնդի բարեկամությունն ու համագործակցությունը Թեհրանի հետ՝ անկախ աշխարհում տիրող իրադրությունից։ Նա հիշեցրել է, որ Չինաստանն աջակցում է Իրանին պետական ինքնիշխանության, անվտանգության և ազգային արժանապատվության պաշտպանության գործում։

Ինչպես պարզաբանել է Սի Ծինփինը, ՉԺՀ-ն շահագրգռված է Իրանի հաջող սոցիալ-տնտեսական զարգացման, հարևան պետությունների հետ նրա հարաբերությունների բարելավման հարցում։ 

«Մենք պատրաստ ենք հաստատակամ փոխադարձ աջակցություն ցուցաբերելու, իրանական կողմի հետ պաշտպանելու ներքին քաղաքականությանը չմիջամտելու հիմնարար սկզբունքը, պաշտպանելու մեր օրինական իրավունքներն ու շահերը, - հավելել է նա: - Չինաստանը պատրաստ է Իրանի հետ ուժեղացնելու փոխգործակցությունն ու համագործակցությունը բոլոր բնագավառներում, նպաստելու երկկողմ համապարփակ ռազմավարական գործընկերության առողջ և կայուն զարգացմանը՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների»։

Չինաստանի ղեկավարը նաև անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրադությանը։ Նա մատնանշել է Գազայի հատվածում անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը՝ միջազգային հանրության աջակցությամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում