Մերձավոր Արևելք

Բլինքենը մեկնել է Իսրայել՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարի մահվանից հետո հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու

2 րոպեի ընթերցում

Բլինքենը մեկնել է Իսրայել՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարի մահվանից հետո հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Իսրայել՝ մեկնարկելով հերթական մերձավորարևելյան շրջագայությունը, որի նպատակն է վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները և քննարկել անկլավի ապագան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդ Յահյա Սինվարի մահից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի վերջին այցը, որը տասնմեկերորդն է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր, տեղի է ունենում Գազայի հատվածում իսրայելական ինտենսիվ հարվածների, ինչպես նաև Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման դեմ Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունների ֆոնին։ 

Բլինքենի այցը կտևի մեկ շաբաթ, որի ընթացքում նա կայցելի նաև Հորդանան և Կատար։ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Գազայի հարցում Բլինքենը կկենտրոնանա պատերազմն ավարտելու քննարկումների, անկլավում հումանիտար օգնության մատակարարումը բարելավելու և պատերազմի ավարտից հետո Գազայում կառավարման հարցերի վրա։ 

Օրեր առաջ Էնթոնի Բլինքենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն Իսրայելի պաշտոնյաներին նամակ էին հղել՝ պահանջելով կոնկրետ քայլեր ձեռնարկել Գազայում հումանիտար իրավիճակը բարելավելու համար, այլապես ամերիկյան ռազմական օգնությունը կարող է սահմանափակվել։ 

ԱՄՆ պետքարտուղարը նաև Իսրայելի և մյուս երկրների հետ կքննարկի «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորությունը, ինչպես նաև Իսրայելի ակնկալվող պատասխանը Իրանի՝ հոկտեմբերի 1-ի հրթիռային հարձակմանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում