Իրավունք

Անահիտ Մանասյանը հանրային իշխանության առանձին մարմինների կողմից ՄԻՊ որոշումները պատշաճ իրացնելու խնդիր է տեսնում

2 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանը հանրային իշխանության առանձին մարմինների կողմից ՄԻՊ որոշումները պատշաճ իրացնելու խնդիր է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խոսեց կառույցի առջև ծառացած մարտահրավերներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին Մանասյանն ասաց, որ խնդիրները հաճախ է ներկայացրել նաև հրապարակային եղանակով և ակնկալում է դրանց պատշաճ և շուտափույթ հասցեավորումը բոլոր դերակատարների կողմից։

«Առկա են մարտահրավերներ տարբեր քաղաքական և հանրային գործիչների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը հարգելու, վերջինիսի գործունեությանը միջամտելու և լիազորությունների իրականացումը խոչընդոտելու փորձերը բացառելու, ինչպես նաև հանրային իշխանության առանձին մարմինների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի որոշումները, վերաբերելի փաստաթղթերում արտահայտված դիրքորոշումները պատշաճ մեթոդաբանությամբ իրացնելու տեսանկյունից»,-ընդգծեց Պաշտպանը։

ՄԻՊ-ը հատուկ արձանագրեց, որ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ևս շարունակաբար կատարելագործում է իր գործունեությունն ու աշխատանքի մեթոդաբանությունը։

«Մշակվել են նոր գործիքակազմեր մեր գործունեության ապաքաղաքական բնույթը երաշխավորելու նպատակով։ Օրինակ՝ ամբողջությամբ վերափոխվել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում աշխատանքի մեթոդաբանությունն ու գործիքները, կոնֆլիկտների ժամանակահատվածում ՄԻՊ գործունեության ձևաչափը և մի շարք այլ փոփոխություններ, որոնք կատարվել են նկատի ունենալով նաև միջազգային գործընկերների կողմից ներկայացրած դիտարկումները։

Այս առումով հատուկ ընդգծեմ իրավահավասարության և հակախտրականության ոլորտում ՄԻՊ-ի կողմից իրականացվող աշխատանքները, որոնք ամբողջությամբ վերափոխվել են և դարձել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևորագույն առաջնահերթություններից մեկը»,-ասաց Անահիտ Մանասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում