Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կայցելի Չինաստան
1 րոպեի ընթերցում
![Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կայցելի Չինաստան](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/10/17/PMKQno8Aohs1PGY0NpoQrDx1jnqg1REXeauK3bRt.webp)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կլինի Չինաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտնել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Չինաստանի արտգործնախարար Վան Իի հրավերով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այց կկատարի Չինաստան», - Մաո Նինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Պաշտոնյան նաև նշել է, որ «Չինաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների երկարաժամկետ և կայուն զարգացումը համապատասխանում է երկու կողմերի և միջազգային հանրության ընդհանուր շահերին, ինչպես նաև հեշտացնում է արձագանքումը գլոբալ մարտահրավերներին, նպաստում է խաղաղությանը և գլոբալ զարգացմանը»:
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտնել է ՉԺՀ-ի պատրաստակամությունը՝ «համագործակցելու Մեծ Բրիտանիայի հետ՝ գործընկերության կարգավիճակի պահպանման, փոխշահավետության և երկկողմ հարաբերությունների կայունության և երկարաժամկետ զարգացմանը նպաստելու համար»: