Քաղաքականություն

Գլոբալ փոփոխությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծին տալիս են համաշխարհային նշանակություն. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Գլոբալ փոփոխությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծին տալիս են համաշխարհային նշանակություն. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ձեռք է բերում ավելի համաշխարհային նշանակություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման համոզմունք հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում: 

Փաշինյանը խոսեց այն մասին, թե ինչու է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը գնալով մեծանում:

«Մենք, որպես կանոն, նախագիծն ընկալում ենք ռեգիոնալ տրամաբանության մեջ, բայց գլոբալ փոփոխությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծին տալիս են համաշխարհային նշանակություն»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով խնդիրներ են առաջացել ապրանքների և ուղևորների հոսքի տեսակետից: Փաշինյանը հիշեցրեց՝ արդյունաբերական գերզարգացած շրջաններից մեծ հոսքեր են ուղղված եղել Եվրոպա, ընդ որում՝ այդ հոսքերի մեծ մասը Ռուսաստանով ընթացել է դեպի Արևմուտք: 

«Ռուսաստան-Արևմուտք սահմանի անցանելիությունն էականորն նվազել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, սանկցիաների և քաղաքական հարաբերությունների բարդացման պատճառներով:  Եվ մենք տեսնում ենք, որ խնդիր է առաջանում հարյուրավոր միլիարդ դոլարների ապրանքների հոսքի ճանապարհին: Սա է պատճառը, որ հարյուրավոր միլիարդների ապրանքներ այժմ նոր ուղիներ են փնտրում դեպի ամենամեծ շուկաներ հոսելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ապրանքների շարժը միակողմանի չէ, ինչպես արևելքից դեպի արևմուտք, այնպես էլ արևմուտքից դեպի արևելք է: Հիմա հարյուր միլիարդավոր դոլարների ապրանքներ ճանապարհ են փնտրում դեպի արևմուտք:

«Ահա սա է պատճառը, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ռեգիոնալ իմաստից ավելի ձեռք է բերում համաշխարհային նշանակություն»,–ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև պարզաբանեց, թե որն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը

«Տարածաշրջանում Հայաստանի սահմանների 70 և ավելի տոկոսում անշարժ վիճակ է, սահմանները չեն ծառայում այդ ապրանքների հոսքն ապահովելու գործին: Եվ ահա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստն այն է, որ Հայաստանն իր ներդրումն ունենա այդ տնտեսական հսկայական հոսքերի սպասարկման առումով: Ընդ որում, այստեղ ամենևին երկրորդական նշանակություն չունեն Կենտրոնական Ասիայի երկրների կարիքները՝ ներմուծման և արտահանման առումով: Հիմնական գաղափարն այն է, որ Հայաստանը և՛ արևելքից դեպի արևմուտք, և՛ արևմուտքից դեպի արևելք, և՛ հարավից դեպի հյուսիս, և՛ հյուսիսից դեպի հարավ այդ ապրանքների  և ծառայությունների մատուցման ճանապարհին առաջարկի իր ծառայությունները»,-ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում