Իրավունք

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկը մեղադրվում է երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ. ՔԿ

2 րոպեի ընթերցում

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկը մեղադրվում է երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հաղորդել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ԱԱԾ-ի կողմից կատարվող գործողություններից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (անառակաբարո արարք կատարելը): 

«Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։ Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։

Այլ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում»,- գրել է Աբրահամյանը։

ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը վերաբերում է անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողությանը, որը  կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, իսկ 3-րդ կետը ենթադրում է, որ հանցագործությունը կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում