Մերձավոր Արևելք

Նեթանյահուն նախազգուշացրել է լիբանանցիներին այնպիսի ավերածությունների մասին, «ինչպիսիք մենք տեսնում ենք Գազայում»

2 րոպեի ընթերցում

Նեթանյահուն նախազգուշացրել է լիբանանցիներին այնպիսի ավերածությունների մասին, «ինչպիսիք մենք տեսնում ենք Գազայում»

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լիբանանցիներին նախազգուշացրել է, որ նրանք կարող են գլորվել «երկարատև պատերազմի անդունդը», և որ Լիբանանում կարող են լինել այնպիսի ավերածություններ, ինչպիսիք Գազայի հատվածում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNN-ը հաղորդում է, որ այս մասին Նեթանյահուն հայտնել է Լիբանանի ժողովրդին հասցեագրված տեսաուղերձում։

«Դուք հնարավորություն ունեք փրկելու Լիբանանը, քանի դեռ այն չի հայտնվել երկարատև պատերազմի անդունդում, որը կբերի ավերածություններ և տառապանքներ, ինչպիսիք մենք տեսնում ենք Գազայում», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։

2023 թ. հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել, Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում։ Պաղեստինյան անկլավի մեծ մասն ավերվել է, առնվազն 41 900  մարդ զոհվել է, 1,9 միլիոն մարդ՝ Գազայի հատվածի բնակչության 90 %-ը, տեղահանվել է։ 

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ գործողությունները սկսել է՝ ի պատասխան խմբավորման կողմից վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելի հյուսիսային բնակավայրերի գնդակոծությունների։ 

CNN-ը նշում է, որ Իսրայելն իր դրոշն է բարձրացրել Լիբանանի հարավում գտնվող «Իրանի պարտեզ» կոչվող զբոսայգու ավերակներում, որ գտնվում է Մարուն ալ Ռաս սահմանամերձ գյուղի մերձակայքում։ Ըստ արբանյակային լուսանկարների՝ տվյալ տարածքում են գտնվում իսրայելական ռազմական մեքենաներ։ 

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։   

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում