Մերձավոր Արևելք

Իսրայելը հայտնել է Լիբանանում հրադադարի պայմանները. Al Arabiya

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է Լիբանանում հրադադարի պայմանները. Al Arabiya

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը որպես Լիբանանի հարավում հրադադարի ռեժիմի հաստատման պայման պահանջում է, որ շիաների «Հեզբոլլահ» շարժումը վայր դնի զենքը և իր ուժերը տանի երկու երկրների սահմանից դեպի հյուսիս։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդել է Al Arabiya-ն՝ վկայակոչելով ֆրանսիական դիվանագիտական ​​աղբյուրների։

«Իսրայելը պահանջում է, որ «Հեզբոլլահ»-ը վայր դնի զենքը և հետ քաշվի դեպի Լիտանի գետից հյուսիս՝ Լիբանանում հրադադարի դիմաց», - ասել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը:

Al Arabiya-ն մեկ այլ հրապարակման մեջ նշում է, որ «Հեզբոլլահ»-ի ղեկավարի տեղակալ Նայիմ Քասեմը հոկտեմբերի 8-ին հայտարարել է, որ շարժումը սատարում է Լիբանանում հրադադարի հասնելու՝ երկրի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի ջանքերը։ Լրատվամիջոցը նշում է, որ առաջին անգամ «Հեզբոլլահ»-ը որպես Իսրայելի վրա հարձակումները դադարեցնելու նախապայման չի նշել Գազայի հատվածում հրադադարը։ 

«Հեզբոլլահ»-ը սկսել է Իսրայելին հարվածներ հասցնել 2023 թ. հոկտեմբերին, երբ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություներ սկսեց՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման։ «Հեզբոլլահ»-ի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ չեն դադարի հարձակումներն Իսրայելի վրա մինչև Գազայում հրադադար չհաստատվի։ 

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։  

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում