Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ը հայտնել է Լիբանանում իսրայելական զորքերի հետ բախումների մասին

2 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ը հայտնել է Լիբանանում իսրայելական զորքերի հետ բախումների մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել է Լիբանանի արևելյան և արևմտյան սահմանին Իսրայելի զորքերի հետ բախումների մասին։ Շարժումը պնդում է, որ հետ է մղել իսրայելական զորքերին արևելյան Բլիդա քաղաքի և արևմտյան Լաբունե բնակավայրի մոտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) տվյալ բախումների մասին չի հայտնել, սակայն նշել է իր 3 զինվորականների վիրավորվելու մասին «հարավային Լիբանանում մարտերի ժամանակ»։

Հոկտեմբերի 8-ի ԻՊԲ-ն նաև հաղորդել էր Լիբանանի արևմուտք մտնելու մասին. մինչ այդ Իսրայելի ցամաքային գործողությունը կենտրոնացած էր Լիբանանի արևելքում։

Միևնույն ժամանակ Իսրայելը շարունակել է ավիահարվածներ հասցնել Բեյրութին։ Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են մայրաքաղաքի Դահիեի արվարձանին հարվածների մասին. հենց այնտեղ է գտնվում «Հեզբոլլահ»-ի հենակետը։

Բեյրութի բնակիչները միևնույն ժամանակ նշել են, որ հարվածների ինտենսիվությունը նախորդ օրերի համեմատ նվազել է։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Գործողության նպատակն, ըստ Իսրայելի, երկրի հյուսիսային շրջաններից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար պայմանների ստեղծումն է։

Լիբանանի իշխանությունները հոկտեմբերի 8-ին հայտնել են, որ վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական հարվածներից 36 մարդ է զոհվել, ավելի քան 150-ը՝ վիրավորվել։  

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին երկու շաբաթում իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։  

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում