Մշակույթ

Չդադարող ծափեր և անմոռանալի հույզեր. Հայաստանի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց Պլասիդո Դոմինգոյին

4 րոպեի ընթերցում

Չդադարող ծափեր և անմոռանալի հույզեր. Հայաստանի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց Պլասիդո Դոմինգոյին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ճանաչում վայելող օպերային աստղ Պլասիդո Դոմինգոն օպերային արվեստի երկրպագուներին մեծ տոն պարգևեց՝ Հայաստանում հանդես գալով փառահեղ համերգով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կազմակերպված երեկոն տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։   

Հանրահայտ արտիստը ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան, բեմում էր նաև Operalia 2022 հեղինակավոր մրցույթի առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը։ 

Թե՛ Դոմինգոն, թե՛ Ջուլիանա Գրիգորյանը, թե՛ նվագախումբը սիրով և անսահման ոգևորությամբ կատարեցին արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, սիրված մեղեդիներ: Հայաստանի հանդիսատեսը, որ երկար տարիներ չէր հանդիպել Դոմինգոյի հետ, հուզված էր, երջանիկ և յուրաքանչյուր կատարման արձագանքում էր բուռն ծափահարություններով՝ այդպես փորձելով իր սերն արտահայտել մեծ արտիստի նկատմամբ, արժևորել օպերային արվեստում նրա անգնահատելի դերը։ 

Մինչ համերգի մեկնարկը բեմ բարձրացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա շնորհավորեց բոլորին հրաշալի տոնի առթիվ և նախարարության ոսկե մեդալ հանձնեց Ջուլիանա Գրիգորյանին՝ նշանավորելով նրա հաջողություններն ու նորանոր նվաճումներ մաղթելով երգչուհուն։ Նախարարը խորհրդանշական համարեց այն, որ Գրիգորյանը հաղթել է Operalia 2022 մրցույթում, որի նախաձեռնողը Պլասիդո Դոմինգոն է, իսկ այժմ նա հնարավորություն ունի մեծն արտիստի հետ հանդես գալ նույն բեմում։ 

Ավելի վաղ Պլասիդո Դոմինգոն, դիմելով Հայաստանի երաժշտասերներին, նշել էր. «Երջանիկ եմ ձեր գեղեցիկ երկիր վերադառնալու և ձեզ համար երգելու յուրահատուկ հնարավորության համար: Այս անգամ հանդես եմ գալու Ջուլիանա Գրիգորյանի՝ լավագույն հայ երգչուհիներից մեկի հետ: Անհամբեր սպասում եմ բոլորիդ այս գեղեցիկ երեկոյին, որտեղ  կրկին միասին կվայելենք հրաշալի երաժշտություն՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ»։

Էդուարդ Թոփչյանն էլ նման մեծության աստղի մասնակցությունը Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին նշանակալի իրադարձություն էր համարել ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային երաժշտական հանրության համար: Նա վստահեցրել էր, որ սպասվող համերգն իր վրա է սևեռել հանդիսատեսի ուշադրությունն աշխարհի տարբեր կետերից: Դիրիժորը չէր սխալվել. դահլիճում կարելի էր բազմաթիվ օտարազգիների նկատել։

Համերգային երեկոն արտիստները եզրափակեցին՝ կատարելով «Էրեբունի-Երևան» երգը․ դահլիճը ձայնակցեց նրանց։ 

Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, իսկ Դոմինգոյի մասնակցությամբ համերգի գլխավոր աջակիցը Երևանի քաղաքապետարանն էր։ Երեկոյին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա համերգից մեկ օր առաջ հյուրընկալել էր առաջնակարգ տենորին և նրան պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ 

Պլասիդո Դոմինգոն երկրորդ անգամ էր այցելում Հայաստան: Նրա առաջին երևանյան համերգը տեղի էր ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 3-ին։ Այդ ժամանակ ևս արտիստը ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, սակայն՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգը ղեկավարել էր Էդուարդ Թոփչյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում