Թեոդոսիայում ավելի քան 1000 մարդ է տարհանվել նավթաբազայում բռնկված հրդեհի պատճառով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի Թեոդոսիա քաղաքում հոկտեմբերի 7-ից այրվող նավթաբազայի մերձակայքում գտնվող շրջաններից 1000-ից ավելի մարդ է տարհանվել և տեղափոխվել ժամանակավոր տեղավորման կետեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Իգոր Տկաչենկոն։
«Արտակարգ պատահարի վայրից ոչ հեռու՝ Սև ծովի ափամերձ շրջաններում և Բլիժնիե Կամիշիի մերձակայքում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելու համար 1047 մարդու ժամանակավոր տարհանում է իրականացվել ժամանակավոր տեղավորման կետեր», - գրել է Տկաչենկոն:
Տարհանվածները բուժզննում են անցել, որից հետո տեղավորվել են քաղաքի հյուրանոցներում և պանսիոնատներում։
Տկաչենկոն նաև հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Նավթաբազայում հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 7-ի առավոտյան։ Զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհի պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվել։ Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ հրդեհի պատճառ կարող էր դառնալ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածը։