Երևան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի լրամշակված տարբերակը պատրաստ է

2 րոպեի ընթերցում

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի լրամշակված տարբերակը պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի լրամշակված տարբերակը պատրաստ է: «Աջափնյակ» կայարանի նախագծի շուրջ ձևավորված մասնագիտական խումբն այժմ իրականացնում է փաթեթի ուսումնասիրություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը՝ նշելով, որ նախագծող ընկերությունը փաթեթը պաշտոնապես ներկայացրել է հոկտեմբերի մեկին:

«Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի շուրջ ձևավորված մասնագիտական խմբի բոլոր անդամներին փաթեթը և նախնական օրակարգն արդեն ներկայացվել է, որոնք այժմ ուսումնասիրվում են: Այս շաբաթ նախատեսվում է մասնագիտական խմբի նիստ, որի օրակարգում դրված է այս փաթեթն ընդունելու և երկրորդ անգամ  պարզ փորձաքննության ներկայացնելու հարցը»,-նշեց Անետա Բաբայանը:

Անդրադառնալով ծրագրի ֆինանսավորման հարցին, նա ընդգծեց, որ այն քննարկվել է նաև միջազգային կառույցների հետ:

Ըստ նրա՝  բացի նրանից, որ 2025 թվականի պետբյուջեի նախագծում մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման  համար արդեն նախատեսվել է մոտ 9,6 միլիարդ դրամ, այլ նաև քննարկվում է Եվրասիական հիմնադրամի և մի շարք այլ դոնոր կառույցների հետ՝ ծրագրի շրջանակում համագործակցության հարցը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում