Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին

4 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոյեմբերին Բաքում կայանալիք COP29 համաժողովին ընդառաջ մարդու իրավունքների պաշտպանության ու բնապահպանական տարբեր կազմակերպություններ ահազանգում են Ադրբեջանում առկա բնապահպանական, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու շատ այլ խնդիրների մասին։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովին ընդառաջ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, համաժողովին մասնակցող ութ հարյուրից ավելի միջազգային կազմակերպություններ, համալսարաններ, ակադեմիականներ իրազեկվում են Ադրբեջանում առկա մարտահրավերների վերաբերյալ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին ու բնապահպանական ոլորտին։  

Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի բռնի տեղահանության միջոցով Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը, հայկական պատմամշակութային ժառանգության վտանգված լինելը, Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների, ռազմագերիների ու Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակումը նախաձեռնության կարևոր հարցերի շարքում են։ Չնայած միջազգային դատապարտումներին, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի և Եվրախորհրդարանի կողմից, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային կոթողների ոչնչացումը շարունակվում է: Նախաձեռնության նպատակն է նաև ուշադրություն հրավիրել մարդու իրավունքներին վերաբերող լուրջ մտահոգություններին, որոնց մասին իրենց զեկույցներում մատնանշում են Freedom House-ի, Amnesty International-ի և Human Rights Watch-ի նման միջազգային համբավ ունեցող կառույցները։ 

Կարևորություն է տրվել նաև Ադրբեջանում խոսքի և լրատվամիջոցների ազատության խիստ սահմանափակված լինելուն, հարյուրավոր լրագրողների և ակտիվիստների, ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալություններին: Ոստիկանության կալանավայրերում խոշտանգումները և դաժան վերաբերմունքը տարածված են, և փոքրամասնությունները բախվում են խտրականության ու բռնության: 

Հիշեցնելով, որ օգոստոսի 26-ին Բաքուն արգելեց եվրոպական մի շարք երկրների 76 պատգամավորների մուտքը Ադրբեջան, քանի որ նրանք քվեարկել էին ԵԽԽՎ-ի որոշման օգտին, որը քննադատում էր Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը և որով ԵԽԽՎ-ն որոշեց չվավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագիրը՝ արձանագրվել է փաստը, որ Ադրբեջանի ղեկավարությունն այժմ ահաբեկում է եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնք պաշտպանում են ժողովրդավարությունը, հիմնարար իրավունքները: 

Նախաձեռնության նպատակն է եվրոպացի քաղաքական ու հասարակական գործիչներին իրազեկել, որ Ադրբեջանում կան բնապահպանական էական խնդիրներ, որոնք առաջին հերթին կապված են այդ երկրի  նավթային և էներգետիկ արդյունաբերության հետ: Հիմնական տարածքները, ինչպիսիք են Բաքվի ծոցը, Ապշերոնի թերակղզին և Կասպից ծովը, տուժում են օդի, հողի և ջրի խիստ աղտոտվածությունից: Հնացած տեխնոլոգիաները, թափանցիկության բացակայությունը և շրջակա միջավայրի պաշտպանության անբավարարությունը ավելի են խորացնում այս խնդիրները: Նավթի արտահոսքերը, բռնկվող գազերը և արդյունաբերական աղտոտվածությունը հիմնական մտահոգությունն են, որոնք նպաստում են ստորերկրյա ջրերի և գետերի աղտոտմանը, հատկապես Կուր գետում: Հողի դեգրադացիան, հատկապես Ապշերոնում, նավթարդյունաբերության գործունեության և գյուղատնտեսական ոչ պատշաճ պրակտիկայի հետևանք է:

Համապարփակ այս իրազեկմամբ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը հույս ունի, որ Բաքվում համաժողովին մասնակցող քաղաքական և հասարակական գործիչներն իրենց պարտքը կկատարեն հանուն ժողովրդավարության, արդարության ու մարդու իրավունքների և կբարձրաձայնեն վերոնշյալ հարցերի շուրջ, որոնք երկարաժամկետ կտրվածքով ազդեցություն են ունենալու համաշխարհային քաղաքակրթության վրա։ 

Լիլիթ Գասպարյան 

Հայերեն English Español Français Русский 中文

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում