ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հասարակության մեջ մեծ հիասթափություն կա Ռուսաստանի, նրա օգնության և ՌԴ հետ ունեցած դաշինքի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում կայացած քննարկմանը պատասխանելով հետևյալ հարցին. «Այս զարգացումներն ազդո՞ւմ են Ռուսաստանի նկատմամբ բնակչության դիրքորոշման վրա։ Ռուսաստանն այս հակամարտության միջոցով իր ազդեցությունն էր փորձում պահել Հայաստանի վրա, սակայն, երբ անցյալ տարի տեղի ունեցան ադրբեջանական հարձակումները, որևէ քայլ չձեռնարկվեց: Արդյո՞ք սա հայերին Ռուսաստանից հեռացրել է դեպի Եվրոպա»:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարը նշել է. «Շատ հետաքրքիր հարց է: Գիտեք, այլևս գաղտնիք չէ, որ հայ հասարակության մեջ մեծ հիասթափություն կա Ռուսաստանի, նրա օգնության և ՌԴ հետ ունեցած դաշինքի վերաբերյալ, քանի որ տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը մտածում էր, որ նման իրավիճակների դեպքում, Ռուսաստանը մեզ կօգնի, կպաշտպանի և այլն: Այժմ նրանք տեսնում են, որ դա այդքան էլ այդպես չէ, և մենք օգնություն չենք ստանում: Ավելին, դուք գիտեք, որ 2020 թվականի պատերազմից հետո ռուս խաղաղապահներ էին ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ ապահովելու բնակչության անվտանգությունը, սակայն մենք տեսանք, որ բռնի տեղահանման ընթացքում խաղաղապահ առաքելությունն իրեն չարդարացրեց:
Ավելին, մենք, Ռուսաստանի և մյուս երկրների պես, անդամակցում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, սակայն, երբ հարձակումներ տեղի ունեցան միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների վրա, կրկին ականատես եղանք, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ՀԱՊԿ-ից մեր մյուս դաշնակիցները չարձագանքեցին, նրանց արձագանքը չէր համապատասխանում մեր սպասելիքներին։ Այսպիսով, ինչպես արդեն նշեցի, դա մեծ հիասթափություն է առաջացրել և այժմ Հայաստանում մարդիկ դիտարկում են այլ տարբերակներ:
Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, մենք իսկապես հավատում ենք վերջինիս սկզբունքներին, և հասկանալի է, որ դա մեզ ավելի է մոտեցնում ԵՄ-ին ու ԱՄՆ-ին: Այսպիսով, հասարակության մեջ ձևավորված արժեքների տեսանկյունից, մենք մոտեցել ենք ԵՄ-ին և արևմտյան երկրներին: Անվտանգության առումով Հայաստանի բնակչությունը հոգեբանորեն իրեն կապված էր տեսնում Ռուսաստանի հետ: Այժմ, այդ երկրորդ բաղադրիչը փլուզվել է, և մարդիկ չեն տեսնում այլ պատճառ, որը կխոչընդոտեր ԵՄ-ի հետ հարաբերությունների ավելի սերտացմանը»: