Հայաստանը դիտարկում ենք որպես դարպաս՝ Եվրասիական տնտեսական շուկաներ մուտք գործելու համար. Իրանցի նախարար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում իրանական առևտրի կենտրոնի հիմնադրումը կարող է նոր էջ բացել երկու երկրների հարաբերություններում և նոր մեկնարկ լինել՝ տնտեսական փոխգործակցությունն ավելի զարգացնելու համար։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքին Երևանում իրանական առևտրի կենտրոնի բացման արարողության ժամանակ։ 

«Այն փոխգործակցությունը, որ կձևավորվի այս կենտրոնում, շատ արժեքավոր է, քանի որ հնարավորություններ կընձեռի և լուսավոր հորիզոններ կստեղծի գործարար շրջանակների ներկայացուցիչների համար։ ԻԻՀ-ի կառավարության առաջնահերթություններից է առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ։ Այս կարևոր հանձնառությունը մեր կառավարության կողմից հետևողականորեն իրականացվում է։ Իրանի և Հայաստանի միջև քաղաքական և տնտեսական լավ հարաբերությունները մեզ համար ստեղծում են հրաշալի հնարավորություններ, որպեսզի Հայաստանը դիտարկվի որպես դարպաս՝ Եվրասիական տնտեսական շուկաներ մուտք գործելու համար»,- ասաց նախարար Աթաբաքին։  

Իրանցի նախարարի կարծիքով՝  տվյալ կենտրոնի բացումը վկայում  է Իրանի և Հայաստանի միջև ձևավորված լավ հարաբերությունների մասին, ուստի պատահական չէ որ ամբողջ աշխարհի մասշտաբով ամենամեծ իրանական առևտրի կենտրոնը բացվում է հենց Հայաստանում։ 

«Խորապես շնորհակալ ենք այն անձանց, ովքեր ներդրում են ունեցել այս կենտրոնի ստեղծման և կառուցման գործում։ 85 միլիոն բնակչություն ունեցող Իրանը տարբեր ոլորտներում՝ հանքարդյունաբերության, էներգետիկայի և այլ բնագավառներում իր բոլոր հնարավորություններով հանդերձ գտնվում է Հայաստանի տրամադրության ներքո։ Իրանն իր բարձր տեխնոլոգիական արդյունաբերությամբ և գիտելիքահեն արտադրանքով, տրանսպորտային, այդ թվում՝ ծովային ու երկաթուղային փոխադրումների հասանելիությամբ, աշխարհագրական դիրքով կարող է իր նպաստը բերել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Վերջին տարիներին իրականացված բոլոր գործողությունները, այդ թվում՝ Իրանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանդիպումները նպաստավոր նախադրյալներ են ստեղծել երկկողմ հարաբերությունների զարգացման համար, որոնք ապագայում կկրեն շարունակական բնույթ»,- Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքին։

Իրանցի նախարարի դիտարկմամբ՝ պետական և մասնավոր հատվածներում գործող ընկերությունների ներկայությունն այս կենտրոնում խոսում  է այն մասին, որ երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացումն անչափ կարևորվում է։ Նրա կարծիքով՝ հատկապես մասնավոր հատվածի ընկերությունների ներկայությունը տվյալ կենտրոնում կբավարարի հայկական կողմի բոլոր պահանջները։ 

«Իհարկե կան որոշակի խնդիրներ, որոնք վերաբերում են ճանապարհային սակագներին, մաքսատուրքերին, սակայն համոզված ենք, որ երկու կողմերի ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել բոլոր խնդիրներն ու մարտահրավերները»,- եզրափակեց Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքին։

Մանվել Մարգարյան 

 

Հայերեն English فارسی Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը