Տնտեսություն

Հայաստանի դիրքը թույլ է տալիս ապահովել ԵԱՏՄ-Իրան տնտեսական ինտեգրացիոն գործընթացները. Գևորգ Պապոյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի դիրքը թույլ է տալիս ապահովել ԵԱՏՄ-Իրան տնտեսական ինտեգրացիոն գործընթացները. Գևորգ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը համարվում է միակ ԵԱՏՄ անդամ-պետությունը, որն ունի Իրանի հետ ցամաքային սահման, որը թույլ է տալիս ապահովել ԵԱՏՄ-Իրան տնտեսական ինտեգրացիոն գործընթացները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց  ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հայաստանը յուրահատուկ դիրք է զբաղեցնում ԵԱՏՄ-ում և հանդիսանում է Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ անդամ պետությունը: Այս աշխարհագրական և ռազմավարական առավելությունը թույլ է տալիս Հայաստանին առանցքային դեր խաղալ ոչ միայն Իրանի հետ երկկողմ հարաբերություններում,այլև ապահովել Իրանի և ԵԱՏՄ երկրների տնտեսական ինտեգրումը: Այսօրվա պայմաններում, երբ գլոբալ առևտուրը բախվում է բազմաթիվ խնդիրների ՝ աշխարհաքաղաքական լարումներից մինչև լոգիստիկ խափանումներ, Հայաստանը կարող է դառնալ եզակի կենտրոն՝ նպաստելով  եվրասիական տարածքում կապերի խորացմանն ու ընդլայնմանը»,- նշեց Պապոյանը։

Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալները՝ նախարարը հայտնեց, որ 2023 թվականին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 700 միլիոն դոլար: 

«Այդ ընթացքում Հայաստանից Իրան արտահանումը կազմել է մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը ՝ 600 միլիոն դոլար։ Այս թվերը վկայում են մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների դրական դինամիկայի մասին։ Այնպիսի կարեւոր ոլորտներն, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, արդյունաբերական արտադրանքը, սննդի արդյունաբերությունն, արդեն կազմում են մեր առևտրի զգալի մասը»,- ընդգծեց Պապոյանը։

Նախարարը կարևոր իրադարձություն է համարում 2023 թվականին Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը, որը, ըստ Պապոյանի, Հայաստանին բացառիկ հնարավորություն է տալիս ընդլայնել մի շարք ապրանքների արտահանումը, ինչպիսիք են հանքային ջուրը, շոկոլադը, մեղրը և այլն: 

«Եվ,իհարկե,մաքսատուրքերի վերացումը կամ նվազեցումը լուրջ խթան է դեպի Իրան արտահանման ծավալների աճի համար, ինչը հատկապես կարևոր է այն դեպքում, երբ Իրանում մեծանում է հայկական արտադրանքի պահանջարկը»,- եզրափակեց Պապոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում